Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դ. Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները


19:36 , 7 դեկտեմբեր, 2017

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ՝ ճանաչելով այն Իսրայելի մայրաքաղաք և հրահանգել Պետդեպին՝ նախաձեռնել Թել Ավիվում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ օրենքն ամերիկյան Կոնգրեսն ընդունել էր դեռևս 1995 թ.։ Փաստաթուղթը նաև հնարավորություն էր ընձեռում նախագահներին հետաձգելու դեսպանատան տեղափոխումը, ինչից էլ, ըստ էության, յուրաքանչյուր կես տարի օգտվել են Թրամփին նախորդած նախագահները:
Ընդհանուր առմամբ, Թրամփի կողմից հնչեցված հայտարարության տեքստում նշվում է նաև, որ Երուսաղեմի վերաբերյալ տվյալ որոշումը որևէ առնչություն չունի քաղաքի վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման հարցերի հետ, որոնք կարգավորվելու են բացառապես հակամարտ կողմերի՝ Իսրայել պետության և Պաղեստինյան ինքնավարության միջև անմիջական բանակցությունների արդյունքում, մինչդեռ հայտարարության մեջ տեղ գտած այս վերջին՝ բավական կարևոր ձևակերպումը ռացիոնալ դաշտում, կարծես թե, այդպես էլ արժանի գնահատականի չարժանացավ, անգամ անտեսվեց, քանի որ Երուսաղեմի խնդիրը, հաշվի առնելով քաղաքի կրոնական նշանակությունը, մշտապես դիտարկվել է առավելապես զգացական հարթությունում: Այս է պատճառը, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր մոտեցումները պաղեստինաիսրայելական հիմնախնդրի և նրա առանցքային բաղադրիչներից մեկը հանդիսացող Երուսաղեմի վերաբերյալ կարող են հանգեցնել տարաբնույթ բացասական հետևանքների, որոնց հնարավոր դրսևորումները կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ․

1. Դ. Թրամփի հայտարարությունն «ամբողջական» Երուսաղեմի վերաբերյալ որոշակի իրավական հակասություններ է առաջացնում քաղաքի կարգավիճակի վերաբերյալ առկա միջազգային մի շարք բանաձևերի, մասնավորապես՝ 1947 թ. նոյեմբերի 29-ին ընդունված ՄԱԿ-ի ԳԱ № 181 (II) բանաձևի, որը հռչակում էր Երուսաղեմի հատուկ կարգավիճակն, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1980 թ. օգոստոսի 20-ին ընդունված № 478 բանաձևի հետ։ Վերջին փաստաթուղթն էլ մերժում է Իսրայելի Կնեսեթի կողմից նույն թվականի հուլիսին ընդունված Երուսաղեմի վերաբերյալ «Հատուկ օրենքը», ինչի միջոցով փաստացի բռնակցվում էր քաղաքի արևելյան հատվածը, որը նախատեսվում էր հռչակել Պաղեստին պետության մայրաքաղաք դրա ստեղծման դեպքում: Նշվածներից բացի՝ Դ. Թրամփի որոշումը չի համապատասխանում նաև ՄԱԿ-ի ԳԱ-ի մի շարք այլ բանաձևերին, որոնք, սակայն, պարտադիր կատարման պահանջ չունեն:
2. Երուսաղեմի վերաբերյալ վերոնշյալ որոշումը ևս կարելի է տեղավորել արտաքին և ներքին բազմաթիվ խնդիրների առնչությամբ նախորդ վարչակազմերի քաղաքական ուղեգծերից տարբերվելու Թրամփի մերձավոր շրջապատի մոտեցման տրամաբանության մեջ: Ընդ որում՝ հաշվի առնելով նման քայլի հնարավոր բազմակողմանի բացասական հետևանքները՝ կարելի է կանխատեսել, որ նշված որոշումը կայացվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների նեղ խմբի կողմից, ում վրա էական է հրեական լոբբիի ազդեցությունը:
3. ԱՄՆ-ի նախագահի որոշումն էականորեն վնասելու է Վաշինգտոնի հեղինակությանը մերձավորարևելյան տարածաշրջանում, արաբական և մուսուլմանական երկրների հետ հարաբերություններում, ինչպես նաև, իր բնույթով լինելով միակողմանի փաստաթուղթ, զգալիորեն սասանելու է ԱՄՆ-ի՝ որպես պաղեստինաիսրայելական հիմնախնդրի կարգավորման միջնորդ «Քառյակի» առանցքային դերակատարի դիրքերը:
4. Երուսաղեմի վերաբերյալ որոշումը հավելյալ լարվածություն է առաջացնելու առանց այն էլ քաոսային իրավիճակում գտնվող Մերձավոր Արևելքում՝ հերթական անգամ բորբոքելով տարածաշրջանի հանգուցային հիմնախնդիրներից մեկը, որի ուղղակի հետևանքներն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս Իսրայելի տարբեր շրջաններում:
5. Նոր սրացումները կարող են դրսևորվել տարաբնույթ անկարգություններից մինչև պաղեստինցիների հերթական՝ արդեն երրորդ ապստամբության (ինթիֆադայի) տեսքով, որոնք կարող են տեղի ունենալ ոչ միայն Իսրայելի տարածքում:
6. Միջազգային հարաբերությունների համատեքստում ստեղծված իրավիճակը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ինչպես մուսուլմանական, այնպես էլ բազմաթիվ այլ, նաև արևմտյան երկրների և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերություններում, որոնք կդրսևորվեն հիմնականում հռետորաբանական և դիվանագիտական հարթություններում հնարավոր տարաբնույթ զարգացումներում:

Հ.Գ. Ինչ խոսք, ԱՄՆ-ի նախագահի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ, որը փաստացի արձանագրում է Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման գործընթացի մեկնարկը, կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտով որոշակի ազդեցություն ունենալ նաև Վաշինգտոնի էական ազդեցության ներքո գտնվող մի շարք այլ երկրների դիրքորոշման վրա, ընդ որում՝ տարբեր տարածաշրջաններում։ Այդուհանդերձ, միջազգային հանրության կողմից ճանաչված Իսրայելի մայրաքաղաքը շարունակելու է համարվել Թել Ավիվը, քանի դեռ վերջնականապես չի կարգավորվել պաղեստինաիսրայելական հիմնախնդիրը: