Պաշտոնական Վաշինգտոնը` պաշտոնական Երուսաղեմում


09:32 , 7 դեկտեմբեր, 2017

Ինչպես և կանխատեսում էի, Թրամփը պաշտոնապես ճանաչեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք` խառնելով ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի մերձավորարևելյան քաղաքական օրակարգը։ Թրամփը հաստատեց, որ Իսրայելն իր թիվ մեկ դաշնակիցն է աշխարհում և որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Թել Ավիվից Երուսաղեմ։

Եթե այս որոշումը, Իսրայելից բացի, ոչ մի պետություն չի ողջունում, ապա ամերիկյան քաղաքական վերնախավը, մասնավորապես` Կոնգրեսն այլ մոտեցում ունի։ ԱՄՆ-ն ու Իսրայելը, բնականաբար, պատրաստ են առերեսվելու այն իրողությունների հետ, որոնք բխում են այս որոշումից։ Իսրայելն էլ վստահ է, որ իր բանակն ունակ է չեզոքացնելու իր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություններ, որ այս օրերին հնչել են։ Ինչևէ, Թրամփն իր մասով որոշումը կայացրել է՝ միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը։

1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ակտը։ Միաժամանակ նախագահին իրավունք էր վերապահվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը, ինչն էլ արվել է 22 տարվա ընթացքում։
Թրամփը նույնպես օգտվել է այս իրավունքից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ դեսպանության տեղափոխումը կտևի մինչ 6 ամիս։