Հայաստանը որակում են որպես ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր. «և-և»-ի քաղաքականությունն այլևս իրականություն է. Կարեն Նազարյան


20:00 , 6 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Որևէ պատճառ չեմ տեսնում Եվրամիության կողմից Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը ձգձգելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի  տեղակալ Կարեն Նազարյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից է կախված, թե որքան կտևի վավերացման գործընթացը: Ամեն դեպքում, փոխնախարարի խոսքով, հարցը կլինի ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Կարեն Նազարյանն ասաց, որ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրի որոշ դրույթներ կարող են ուժի մեջ մտնել մինչև դրա վավերացումը: Որպեսզի այդ պայմանագրի որոշ դրույթներ ուժի մեջ մտնեն, դրա համար, ըստ փոխնախարարի, հավելյալ բանակցությունների կարիք չկա։ 

- Հայաստանի և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրվեց ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր: Բանակցություններում Դուք հանդես եք եկել որպես գլխավոր բանակցող։ Ձեզ հետ նախորդ հարցազրույցում մենք մանրամասն խոսել էինք այն ոլորտների մասին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվում են համատեղ աշխատել, իրականացնել բարեփոխումներ: Քաղաքացիները ե՞րբ կզգան այս համաձայնագրի դրական օգուտները և ի՞նչ տեսքով:

- Համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ, կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջև ստանձնած հանձնառությունների հետևողական իրագործման արդյունքում։ Սա վերաբերում է մի շարք ոլորտներին, ինչպիսիք են ասենք նախատեսվող օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունքում, ԵՄ-ում հայկական ապրանքների ծավալների մեծացումը, Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար գործարար միջավայրի ու ներդրումների համար  բարենպաստ պայմանների ավելացումը, դրա արդյունքում էլ աշխատատեղերի ստեղծումը, կամ ասենք, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելիք աջակցությունը։ Մեր գյուտարարները, արվեստի մշակույթի գործիչները կարող են ապավինել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին և Հայաստանում և ԵՄ տարածքում, սպառողների պաշտպանվածության բարձրացում, Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր, բնապահպանական չափանիշների բարելավում և այլն, սա ոչ ամբողջական քայլերի ցանկն է, որոնք ուղղակիորեն կազդեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու բարեկեցության վրա։ 

-Պարո՛ն Նազարյան, փաստաթղթի ստորագրման օրն անգամ շատ էին կարծիքները, որ գուցե այն չստորագրվի և կրկնվի 2013թ. պատմությունը: Արդյոք եղե՞լ են  անհամաձայնություններ Եվրամիության հետ մինչև փաստաթղթի ստորագրումը, եղե՞լ են խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար: 

- Հիշում եմ, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին բուռն քննարկումներ, սակայն, մի քանի առիթներով ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի և այլ մակարդակներով հստակ նշվել էր, որ մեր կողմից որևիցե խոչընդոտ չկա ստորագրման համար։ Իսկ մնացած խոսակցությունները մեկնաբանելուն իմաստ չեմ տեսնում։ 

Ինչ վերաբերում է 2013թ., ապա կցանկանայի հիշեցնել, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այս հարցին մանրամասն անդրադարձ եղել է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։