Եթե սպորտի ու մշակույթի բնագավառում հասկանալի են հաջողությունները, գիտության ոլորտում դժվար է դրանք տարանջատել. փոխնախարարը՝ տարկետման հիմքի մասին


14:45 , 3 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով ակադեմիական տարկետման իրավունք ունեն կրթության, գիտության և սպորտ բնագավառում առանձնակի հաջողություն ունեցած անձինք: Սակայն օրենքի այս դրույթն էլ փորձագիտական մակարդակում դժգոհությունների առիթ է տվել` հատկապես կրթության, գիտության ոլորտի հաջողությունների հետ կապված:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էլ կիսում է այս մտահոգությունը՝ նկատելով, որ եթե սպորտի ու մշակույթի բնագավառում հասկանալի են հաջողությունները, ապա կրթության ու գիտության ոլորտում բավականին դժվար է դրանք տարանջատել:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե աշակերտը պետք է միջազգային գիտական ամսագրերում նյութեր տպագրի, սակայն մարզերում անգլերենի մակարդակը բավականին ցածր է, սա չի՞ նշանակում, որ անհավասար են պայմանները քաղաքի և մարզերի աշակերտների միջև, Արտակ Զաքարյանն համաձայնեց, որ իրոք համաչափության խնդիր կա:

«Իսկապես լուրջ խնդիր է, պետք է գտնենք այնպիսի մեխանիզմներ, որ դրանից կարողանան օգտվել մեր բոլոր  քաղաքացիները` անկախ նրանից, թե որտեղ են բնակվում: Պետք է հասկանալ`որն է այն չափանիշը, որ կփակի կոռուպցիայի ճանապարհը, պրոցեսը կդարձնի հրապարակային, մասնագիտական առումով կլինի անխոցելի, որոշման կայացման առումով  կառավարությունը ստիպված չի լինի ընտրություն կատարել անհասկանալի չափանիշների միջև: Կրթության, գիտության բնագավառում մենք պետք է կարողանանք շատ հստակ դնել սահման, որովհետև մասնագիտությունները տարբեր են, նրանց նկատմամբ պահանջարկը չափորոշիչներն ու հայտանիշները տարբեր են, այստեղ դրա համար ենք ասում, որ աշխատանք կա անելու»,- ընդգծեց փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։