«Հրապարակ». ՀՀ-ն ևս մեկ տնտեսական շրջափակման մեջ. ՌԴ-ն Ադրբեջանով գազամուղ կանցկացնի, որը կկապի Իրանի ու ՌԴ-ի էներգետիկ համակարգերը


09:50 , 23 նոյեմբեր, 2017
«Իրանական «Տնտեսական աշխարհ» թերթում հրապա­րակված հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանի տարածքով գազամուղ անցկացնել, որն իր հերթին կկապի Իրանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերը՝ միաժամանակ ամ­րապնդելով Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի եռակողմ գործակցությունը: Դեռևս անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովից հետո այս նա­խագիծը համարվեց նախագահների հանդիպման գլխավոր ձեռքբերումը: Ռուսական «Правда» պարբերականը նշեց, որ այդ գազամուղի կառուցումով Մոսկվան փնտրում է այլընտրանք ուկրաինական խո­ղովակին, Թեհրանը փորձում է պատժամիջոցներից հետո գտնել սպառման շուկա, իսկ Բաքուն մտա­հոգվում է դեպի եվրոպական երկրներ արտադրանքի լայնածավալ իրացման համար:
 
Իրանական թերթը, տնտե­սական գործոնը մի կողմ դնելով, անդրադառնում է դրա քաղաքա­կան բաղադրիչին՝ նշելով, թե խո­ղովակաշարի կառուցումը ցույց է տալիս վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի աննա­խադեպ մերձեցումը: Այս իմաստով Հայաստանն արդեն համարվում է Ռուսաստանի ավանդական նախ­կին դաշնակիցը:
 
Պատճառն այն է, որ օրեր հե­տո՝ նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության բրյուսելյան գա­գաթնաժողովի ժամանակ, ստո­րագրվելու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ադրբեջանամետներն այս փաստը շահարկում են՝ նշելով, թե Հայաստա­նը հաշվի չի առնում Մոսկվայի դժգոհություններն ու նպատակաուղղված գնում է դեպի Արևմուտք: Սակայն համեմատության համար հարկ է նշել, որ որոշ ռուսական լրատվամի­ջոցներ, մեկնաբանելով Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումը, գրե­ցին, թե «Մոսկվան Հայաստանին բաց է թողնում ԵՄ»: Հենց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն ադրբեջանամետ լոբբիստները համարում են շրջադարձային ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
 
Ակնհայտ է, որ վերջին շրջանում Բաքուն փորձում է ջերմացնել հա­րաբերությունները Մոսկվայի հետ՝ այդ «հնարքների» համար օգտա­գործելով անգամ Թուրքիային: Զարգացումները ցույց են տալիս նաև, որ ռուս-ադրբեջանական շփում­ներում ինտենսիվացման ցանկու­թյունը փոխադարձ է: Մոսկվան իր հերթին «աշխատում» է Բաքվին ինտեգրացիոն միավորումներ (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) ներքաշելու ուղղությամբ: Այս իմաստով Բաքուն հույս ունի գազամուղի անցկացումով ոչ միայն նոր շուկաներ նվաճել, այլև ղարա­բաղյան հակամարտությունը լուծել հօգուտ իրեն և կոնֆլիկտի հնա­րավոր էսկալացիայի պարագայում ապահովել կողմերի չեզոքությունը: Ինչ վերաբերում է Իրանի հետ փոխհարաբերություններին, ապա այստեղ նույնպես Բաքուն իր տեղը չի գտնում: Թեհրանի հետ Բաքվի փոխհարաբերություններն առանձնանում են անկայունությամբ: Դեռևս Ահմադինեժադի նախագա­հության տարիներին երկու երկրների հարաբերությունները լարված էին: Լարվածության պիկային պահեր եղան նաև Ռոուհանիի տարիներին (Նարդարանի դեպքերը, երբ Իրանին մեղադրեցին «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունն ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ հրահրելու մեջ): Այս ամենի հետ մեկտեղ Հայա­ստանը շրջափակելու նպատակով Իրանին ներգրավելու Բաքվի փորձը 2016-ի հունվարին ձախողվեց: Այդ ժամանակ Իրան-Հայաստան բա­նակցությունների արդյունքում հա­մաձայնություն ձեռք բերվեց Հնդկա­ստանն Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: