Նիկշա Բավցևիչ. Ունենք խաղացող, ով ինքն իր ինքնաթիռի տոմսը գնեց, որ միանա հավաքականին


21:20 , 21 նոյեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Նախքան Ալբանիա մեկնելը` հավաքականի անդամներն Օլիմպավանում հանդիպեցին լրագրողների հետ և պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը նախ հայտնեց, որ մամուլի ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ հաստատվել է թիմի վերջնական հայտացուցակը` մեծ փոփոխություններով.

«Սա ազգային ընտրանու երրորդ ցիկլն է ու միակ խաղացողը, ով մասնակցել է ինչպես անցած տարվա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, այնպես էլ 2019 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի` ամռանը կայացած խաղերին, Ամիրան Ամիրխանովն է, ով մնում է մեր թիմի ավագը: Սա նշանակում է, որ մեր կազմն ամեն տարի փոխվում է: Սա ոչ թե մեր թուլությունն է, այլ` ցավը: Տարբեր պատճառներով բոլորս ցանկալի խաղացողները չեն կարողանում ամեն անգամ գալ և մասնակցել մեր խաղերին:

Փոփոխություններն առաջին հերթին կապված են ԱՄՆ-ի մեր խաղացողների հետ: Մի շարք խաղացողներ չեն գալիս, քանի որ իրենց առաջնությունը թույլ չի տալիս հիմա բացակայել, քանի որ հիմա այնտեղ ամենաթեժ ժամանակահատվածն է. Արտյոմ Թավաքալյանը, Արկադի Մկրտչյանը,Գարի Չիլիջյանը,Մեթյու Մադլոյանը,Արամ Ասլանյանը, Պյոտր Ստեփանյանցը և այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Այս խաղացողներից յուրաքանչյուրն իր տեղն ունի մեր կազմում ապագայում»,- ասաց Արա Պողոսյանը:

Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը հայտնեց նաև մեր ընտրանու առաջատարներից մեկի` Ռայան Բոթրայթի հեռացման մասին, ինչի շուրջ խոսեց նաև հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը.

«Այն, ինչ անում է բասկետբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում, պարզապես հրաշք է: Երկար ժամանակ Հայաստանում չի եղել բասկետբոլ, չենք ունեցել նաև ազգային հավաքական: Արված ներդրումների և մեծ ջանքերի շնորհիվ ֆեդերացիան կարողացավ թիմում ներգրավել խաղացողների արտասահմանից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից: Գիտենք, որ մինչև հիմա կան խաղացողներ, ովքեր տարբեր պատճառներով դեռ չեն կարողանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց կարծում եմ` այս ամառ մենք ցույց տվեցինք, որ այստեղ կարող ենք ուժեղ բասկետբոլային թիմ ստեղծել: Ամենամեծ ապացույցը Սլովակիայի և Շվեդիայի նկատմամբ տոնած հաղթանակներն ու լեփ-լեցուն մարզադաշտերը:

Այս պահին շատ դժվար է բերել բոլոր ուժեղագույն խաղացողներին, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոպայում ազգային առաջնություններն ընթացքի մեջ են: Շատ կարևոր է, որ այստեղ լինեն խաղացողներ, ովքեր իսկապես կցանկանան խաղալ իրենց ազգայն հավաքականում: Ռայան Բոթրայթը մեր միակ արտասահմանցի խաղացողն էր, ու նա իր որակները ցույց տվեց այս ամառ: Չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել: Բայց կան որոշ աներ, որոնք մենք` մարզիչս և ֆեդերացիայի ղեկավարությունը չենք կարող կուլ տալ: Սա թիմային մարզաձև է, և մենք պետք է մտածենք ապագայի մասին: Մենք բասկետբոլային փոքր պետություն ենք, բայց պետք է ներկայացնենք մեր ազգային թիմի շահերը: Չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը գործի հավաքականի շահերին դեմ»:

Խոսելով այն մասին, թե ինչպես են մտադիր լրացնել Բոթրայթի բացը, Նիկշա Բավցևիչը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Բոթրայթը շատ կարևոր խաղացող է, բայց նա ամենակարևորը չէ հավաքականում: Ամենակարևորը թիմն է: Կփորձենք այնպես անել, որ թիմը հաղթահարի նրա բացակայությունը: Իհարկե, սա հաճելի իրավիճակ չէ թիմի համար: Բայց շատերն են բախվում այսպիսի խնդիրների հետ: Մենք շատ լավ տղաներ ունենք ԱՄՆ-ում, ովքեր ցավոք չկարողացան միանալ մեզ, բայց ապագայում կկարողանան:

Կցանկանամ մեկ այլ պատմություն էլ պատմել: Կային խաղացողներ, ովքեր ցանկանում էին գալ, և կա խաղացող, ով ինքը վճարեց ավիատոմսի գումարը, որպեսզի գա, միանա հավաքականին: Իհարկե, նա կստանա իր գումարը, պարզապես այդ պահին հապճեպ ստացվեց նրա գալը: Ամեն դեպքում, երկու-երեք տարի առաջ նման բան հնարավոր չէր:

Այս փաստը չի նշանակում, որ մենք անպայման հաղթելու ենք Ալբանիային ու Դանիային, բայց ինձ համար սա ապացույց եղավ այն բանի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որպեսզի բասկետբոլը դարձնենք համար մեկ թիմային մարզաձև Հայաստանում»,- ասաց մարզիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։