Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները կապամոնտաժվեն. թուրք նախարար


23:16 , 17 նոյեմբեր, 2017

«Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի»,- գրում է ermenihaber.am-ը:

«Կա համապատասխան որոշում, ըստ որի՝ 60 օրվա ընթացքում այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Մենք այս հարցում հետևողական կլինենք»,- ասել է Քուրթուլմուշը:

Վանի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը: