«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով ակնհայտ է». Սերժ Սարգսյան


22:30 , 15 նոյեմբեր, 2017

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Կրեմլում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանում է եղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը, իսկ հոկտեմբերին մենք անցկացրել ենք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով, անցկացրել ենք Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով, որ այս ամսվա սկզբին անցկացվել է Միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ հոբելյանական 30-րդ նիստը: Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի հետ մշակութային, կրթական, գիտական կապերը Հայաստանի համար ունեն հատուկ նշանակություն՝ այս առումով ընդգծելով, որ անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել Ռուսաստանի մշակույթի օրերը:

«Այսօր մենք տալիս ենք մեկնարկը մի շարք միջոցառումների «Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում»,- ամփոփել է ՀՀ Նախագահը: