Toyota-ն կանխատեսում է 2050 թվականին ներքին այրման շարժիչներով մեքենաների անհետացում


23:30 , 14 նոյեմբեր, 2017

2050 թվականին աշխարհում կարող է լիովին դադարեցվել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը։ Այս մասին հայտարարել է ճապոնական Toyota կոնցեռնի առաջադեմ հետազոտությունների ու մշակումների բաժնի ղեկավար Սեյգո Կուզումակին։

«Մենք ակնկալում ենք, որ 2050 թվականին ավտոմեքենաների ածխաթթու գազի արտանետումները 2010 թվականի համեմատ կկրճատվեն 90 տոկոսով, և դա առաջին հերթին տեղի կունենա շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակ կդադարեցվի ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը»,- Կուզումակիի խոսքերն է մեջբերում Autocar-ը։

Նա նշել է, որ ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունը կավարտվի արդեն 2040 թվականին։

«Այդ պահից բենզինային և դիզելային շարժիչները կմնան միայն հիբրիդային ուժային ագրեգատորների բաղադրիչի տեսքով»,- հավելել է փորձագետը։

Toyota-ի ներկայացուցիչը հստակեցրել է, որ հիբրիդները կօգտագործվեն մոդելային շարքում, սակայն գլխավոր շեշտը կդրվի էլեկտրամեքենաների վրա։