ԱՄՆ-ում անօթևանը 10 հազար դոլարի կտրոն է գտել և վերադարձրել տիրոջը


18:15 , 14 նոյեմբեր, 2017

ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի անօթևան բնակիչ Էլմեր Ալվարեսը փողոցում գտել է 10 հազար դոլարի կտրոն և այն վերադարձրել տիրոջը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կտրոնի տերը՝ Ռոբերտա Հոսկին։

Կտրոնը կորցնելու մասին կինն իմացել է հեռախոսազանգից։ Լսափողից այն կողմ հնչած տղամարդու ձայնը հայտնել է այն գտնելու և վերադարձնելու պատրաստակամության մասին։ Պարզվել է՝ Հոսկին կորցրել էր կտրոնը իր մեքենայի մոտ։

Անօթևանի հետ հանդիպման եկած կինը նշել է, որ Ալվարեսի արարքը չպետք է աննկատ մնա։

Ռոբերտան նշել է, որ տղամարդը նույնիսկ գաղափար չի ունեցել, թե կտրոնն ինչ է իրենից ներկայացնում։ «Նա չի իմացել, որ ես միայնակ մայր եմ և ինչ-որ ժամանակ ստիպված եմ եղել փողոցում ապրել»,- ասել է Ռոբերտան։

Այժմ կինը ծրագրում է աջակցել իր «փրկչին»՝ տրամադրել նրան կացարան և օգնել ուսման հարցում։