Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը


15:26 , 14 նոյեմբեր, 2017
Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ, հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն պատվիրելու մեջ։ Կասկածներ կան, որ 2006 թ․-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է։
Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող «АСТ» խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով։ Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն, ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց։ Սակայն 2006 թ․-ի օգոստոսին, երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ, նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն, հայտնվեց Երևանում, որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ։ Իր հարցազրույցներից մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր, որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը, որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ։ Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝ մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ։
Սակայն այժմ՝ մահափորձից 10 տարի անց, ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ։ ՌԴ դատախազությունը կասկածներ ունի, որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի պետական համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը, Մոսկվայի քաղաքապետարանի հողօգտագործման բաժնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլք։
Հ.Գ. Ի դեպ՝ ըստ վարկածներից մեկի՝ Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը, որ նա հայկական արմատներ ունի, ինչը և դարձել է մահափորձի պատճառ։