Բոբ Դիլանի կիթառներից մեկը ԱՄՆ-ի աճուրդում վաճառել են գրեթե 400 հազար դոլարով


03:00 , 14 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է

Բոբ Դիլանին պատկանած կիթառներից մեկը ԱՄՆ-ում կայացած աճուրդում վաճառվել է 396,5 հազար դոլարով: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում բազավորված Heritage Auctions աճուրդների տունը, որը կազմակերպել էր վաճառքը:

Խոսքը վերաբերում է 1963 թվականի թողարկման Martin D-28 ակուստիկ կիթառին: Դիլանը գործիքը ձեռք է բերել 1967 թվականին եւ դրանով նվագել է 1960-ական թվականների վերջին եւ 1970-ականների սկզբին իր ունեցած բազմաթիվ ելույթների ընթացքում:

Կիթառն աճուրդի էր դրել Լարի Քրեգը, որը Դիլանի համար երաժշտական գործիքներ էր նորոգում: Նա կատարողից Martin D-28-ը գնել էր 1977 թվականին 500 դոլարով: Քրեգի խոսքով՝ գնումից հետո ինքը երբեք չի նվագել այդ կիթառով եւ նույնիսկ այն չի հանել պատյանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: