09:50 , 11 նոյեմբեր, 2017
«Տարկետման պայմաններին առնչվող օրինագծի դեմ ուսանողական բողոքի ալիքը առաջացրեց ոչ միայն թեմային առնչվող քննարկումներ և հարցադրումներ, այլ նաև հարցեր, որոնք անմիջական առնչություն չունեն թե բուն խնդրին, թե դրա քաղաքական ու ներիշխանական հնարավոր ենթատեքստերին, թե ազգ-բանակ հայեցակարգին ու անվտանգության, քաղաքացիական, դրանց հարաբերակցության, նաև գիտության զարգացման խնդիրներին:
Խոսքը տվյալ պարագայում հարցերի մասին է, որոնց հեղինակները բարձրացնում են ընդհանրապես ուսանողության, երիտասարդության ակտիվության խնդիրը Հայաստանում՝ հարցնելով, թե ինչո՞ւ, օրինակ, բողոքի ալիք չկա կրթական, գիտական ոլորտներում առկա բազմաթիվ այլ խնդիրների կապակցությամբ կամ քաղաքական ու քաղաքացիական, արտաքին քաղաքական, անվտանգային, հասարակական, պետական այլ կարևորագույն հարցերի ու երևույթների վերաբերյալ: Ընդ որում՝ այդ հարցադրման առիթով հաճախ հնչող պատասխանները, թե բանը լոկ այն է, որ տվյալ պարագայում ուսանողներն ունեն ընդամենը ծառայությունից խուսափելու մոտիվացիա և ոտքի են ելնում միայն անմիջական այդ մոտիվացվածության պարագայում, հարցի թերևս մակերեսային պատասխանն են, որն թույլ չի տա իսկապես խորությամբ դիտարկել Հայաստանում ուսանողական ակտիվության կարևոր խնդիրը:
Եթե որևէ պետությունում չկա ուսանողական ակտիվ շերտ, ակտիվ երիտասարդություն, որն ունակ չէ ինքնակազմակերպվել պետության և հանրության համար կարևոր հարցերում, որն ունակ չէ անհրաժեշտության դեպքում օրակարգեր առաջադրել թե իշխանությանը, թե ընդդիմությանը, թե այլ հանրային շերտերի, ապա այդ պետության ոչ միայն արդյունավետությունը, այլ նաև գործնականում անվտանգությունն ունի մի կարևոր բաց: Կա՞ Հայաստանում այդպիսի երիտասարդական շերտ, թե՞ ոչ: Այստեղ միարժեք պատասխան գտնելը բավական բարդ է: Մի կողմից թվում է, որ կա, և դրա մասին վկայում է թե ներկայիս բողոքի ալիքը, թե այլ առիթներով, այլ հարցերով կազմակերպվող բողոքները: Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ լրջագույն հարցերում չի երևացել այդ երիտասարդությունը, հետևաբար հարց է առաջացել, թե ուր է այն, եթե կա:
Ըստ երևույթին, իրավիճակն առավել մոտ է այն բանին, որ երիտասարդությունը, ուսանողությունը Հայաստանում հիմնականում հիշեցնում է «անմշակ այգի», որտեղ, այսպես ասած, բնական բարենպաստ պայմանների ազդեցության ներքո ժամանակ առ ժամանակ կարող է լինել առատ և օգտակար բերք, սակայն ընդհանուր առմամբ դրա վրա չկա կազմակերպված և ֆունկցիոնալ «տնտեսություն»: Իհարկե, մի մասը իշխանությունը լավ էլ մշակում է՝ մի զգալի մասը, իսկ այգու փոքր «հողակտորներ» էլ մշակում են ընդդիմադիր տարբեր ուժեր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: