Հանուն էգի ուշադրության՝ ՀԱՀ-ում առյուծը հարձակվել է զբոսաշրջիկների վրա


00:00 , 11 նոյեմբեր, 2017

«Կրյուգերի հարավաֆրիկյան ազգային պարկում առյուծը հարձակվել է զբոսաշրջիկներով երկու ավտոմեքենաների վրա»,- հայտնում է UPI պորտալը։

Տեղի ունեցածը տեսանկարահանել է ինժեներ Մարկ Ուիլյամս Ուինը։ Նրա խոսքով՝ առյուծը մի քանի անգամ փորձել է զուգավորվել ճանապարհին պառկած էգ առյուծի հետ, սակայն էգը ուշադրություն չի դարձրել նրա վրա։ Հերթական անհաջող փորձից հետո գիշատիչը սկսել է հարձակվել ոչ հեռու կանգնած մեքենաների վրա։ Կարծես նա ցանկացել է այդ կերպ էգին ցույց տալ, թե որքան խիզախ է ինքը։

Բարեբախտաբար, հարձակման ենթարկված առաջին մեքենայի ապակիները բարձրացված են եղել։ Մինչ գիշատիչը պատրաստվում էր հարձակվել բաց թափքով մեքենայի ուղևորների վրա, վարորդն արագ գործի է դրել շարժիչը։