Պատերազմող հայրենիքի պաշտպանության գործում ոչ ոք չպետք է անմասն մնա


02:15 , 9 նոյեմբեր, 2017
Պաշտպանության համակարգում լուրջ փոփոխություններ են պետք, հատկապես կադրային ընտրության հարցում։ Ու պետք է ամեն ինչ անել, որ գիտությունն ու պաշտպանությունը ոչ թե հակադրվեն (իրականում չեն հակադրվում և չպետք է հակադրվեն, ավելի շուտ և ոչ այդքան արդյունավետ են համադրվում, և ոմանց կողմից էլ՝ ուղղակի շահարկվում են), այլ ներդաշնակվեն, լրացնեն միմյանց։ Հեքիաթներում կարելի է հանդիպել իրավիճակի, երբ գայլի դեմը խոտ է դրված, իսկ ոչխարի դեմ՝ միս։ Ընդամենը պետք է տեղերը փոխել, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նույնը՝ բանակի կադրային հարցերում։ Պաշտպանության համակարգն այնքան մեծ է ու բազմաբնույթ, որ կարելի է ընդամենը ողջամիտ ներքին վերադասավորումների արդյունքում էլ ավելի արդյունավետ դարձնել համակարգը։ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում էլ այն ուսանողները, ովքեր իրոք ցանկանում են իրենց ընտրած մասնագիտության գիտնական դառնալ ու պատրաստ են իրենց գիտական գործունեությունը առնվազն երեք տարով զինված ուժերում իրագործել՝ նշանակվել այն ստորաբաժանումներում ու կառույցներում, որտեղ առավել կարող են միաժամանակ և՛ իրենց գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքի պաշտպանության գործին, և՛ գործնականում հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ, օրինակ՝ աշխարհագրագետներն ու երկրաբանները՝ տեղագրական (տոպոգրաֆիա) աշխատանքներում, ռադիոֆիզիկները՝ կապի ստորաբաժանումներում, հոգեբաններն ու սոցիոլոգները՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքներում, ճարտարագետները՝ ինժեներական զորքերում, տնտեսագետները՝ զորամիավորումների ու թիկունքային այն ստորաբաժանումներում, որտեղ զբաղվում են բանակի ֆինանսական, մատակարարման, ապահովման հարցերով և այլն: Քննարկման հարց է, որը կարող է ողջամիտ լուծումներ ապահովել: 
Բայց մի բան հստակ է. պատերազմող հայրենիքի պաշտպանության գործում ոչ ոք չպետք է անմասն մնա, ու միևնույն ժամանակ, պետք է հավասարություն լինի զորակոչային տարիքի բոլոր երիտասարդների միջև: Ո՞վ ասաց, որ ոչ բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններ ընտրած ու տարբեր արհեստներում հմտացած կամ հմտացող անձինք ավելի շատ պետք չեն երկրին, ինչո՞ւ պետք է խտրական վերաբերմունք լինի նրանց հանդեպ:
Բացառության սահմանումը սողանցքներ է թողնում, որի արդյունքում ոչ թե էականը մի քանիսի չծառայելն է, այլ այն, որ ողջ հանրության մեջ ծնում է անհավասարության, ոմանց արտոնյալ լինելու սինդրոմ, ասեկոսեներ (տեղին և անտեղի բամբասանքներ) որն էլ՝ է՛լ ավելի է քաղաքացուն խորթացնում պետությունից՝ առաջացնելով քողարկված կամ բացահայտ դժգոհություն:
Բացի այդ՝ պետք է հասնել հանրային գիտակցության փոփոխության այն արական սեռի անձանց մոտ, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենք կամ իրենց զավակները ծառայեն թիկունքային ստորաբաժանումներում (բացառությամբ այն աշխատանքների, որոնք մասնագիտական առումով հենց թիկունքային կարող են լինել): Պաշտպանության նախարարությունը խորը թիկունքային աշխատանքներում (օրինակ՝ հենց ՊՆ-ում ու նրա առանձնացված ստորաբաժանումներում) առավել պետք է ընդգրկի իգական սեռի զինծառայողներին, որի արդյունքում շատ աշխատանքներ կընկալվեն որպես կնոջ գործ: Օրինակ՝ ՀՀ նախարարությունների քարտուղարություններում (ընդհանուր բաժիններում), եթե չասեմ իսպառ, ապա գրեթե արական սեռի աշխատակից չկա, ու տղամարդիկ էլ չեն ձգտում այդ աշխատանքին՝ ընկալելով այն որպես իգական սեռի աշխատանք:
Տղամարդ զինվորականն իրեն առավել պետք է պատկերացնի մարտական ստորաբաժանումներում ծառայելիս՝ անկախ աշխատանքի բնույթից:
Օրինակ՝ Իսրայելում հասել են նրան, որ Գոլանի բարձունքում (դա գրեթե հավասարազոր է մեր՝ Հորադիզում ծառայելուն) ծառայողին երբ ուզում են պատժել, ուղարկում են մայրաքաղաքում ծառայելու: Դա մեծ անարգանք ու պատիժ է տղամարդ զինծառայողի համար, դա նույնն է, որ ասեն. «Դու տղամարդ չես, դու գնա, կանանց հետ ծառայի»: Որովհետև իսրայելցի տղամարդ զինվորականի համար Գոլանի բարձունքը (ինչպես մեզ համար, օրինակ, Մարտակերտի, Տավուշի, Մարտունու կամ Հադրութի պաշտպանական շրջանները) իր երկրի դարպասն է, այն հենց տղամարդը պետք է պաշտպանի: Մեզ մոտ, ցավոք, շատերն ինքնակամ ուզում են մայրաքաղաքամերձ ստորաբաժանումներում ծառայել: Անգամ բանակում, թեկուզ նախկինի համեմատ քչացած, դեռևս կա պահպանված վատ, ոչ դասական իմաստով «ավանդույթ», որ զինծառայողին վախեցնում են ռազմագիծ ուղարկելու ծառայությամբ: Եթե զինծառայողը վատն է ու անկարգապահ, ինչպե՞ս եք ուղարկում ամենակարևոր ու պատասխանատու դիրքապահ ստորաբաժանումներ: Թշնամու առջև երկրի մուտքը պաշտպանելը հենց տղամարդու տեղն է, այլ ոչ հակականոնադրայինինը... 
Բայց այս գիտակցությանը դեռևս ողջ ազգով պետք է գանք:
Հուսամ, որ հեռու չէ այդ օրը: Ապրիլյան մարտերին մասնակից պարտադիր զինակոչային զինվորներն ու ինքնակազմակերպված կամավորական պահեստազորայինները վկա...