Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը երեք մասի չբաժանենք՝ 1-ին, «2-րդ» և 3-րդի


09:47 , 2 նոյեմբեր, 2017

Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը երեք մասի չբաժանենք՝ 1-ին, «2-րդ» և 3-րդի։
Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին և վերջ։
1918թ-ի մայիսի 28-ին, վերականգնելով 1045թ․-ից կորցված պետականությունը, հիմք դրվեց անկախ պետության նոր մոդելի՝ հանրապետությանը։ 1920 թ․-ի դեկտեմբերի 2-ին այն չվերացավ, այլ բոլշևիկա-թուրքական սալի ու մուրճի ճնշմամբ տեղի ունեցավ պարտադրված իշխանափոխություն, որի արդյունքում փոխվեց քաղաքական ղեկավարումը։ 1922-ի դեկտեմբերի 22-ին առանց բռնության ընդգրկվեց ձևավորվող ԽՍՀՄ կազմի մեջ՝ որպես միութենական հանրապետություն՝ իր զինանշանով, հիմնով ու ազգային-պետական լեզվով։ 1990թ․-ի մայիսի ընտրությամբ Գերագույն խորհուրդն արդեն բազմակուսակցական էր, կոմունիստները պարտվելով դարձան քաղաքական փոքրամասնություն և 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով հիմք դրվեց ԽՍՀՄ-ից անջատվելու գործընթացի, այնուհետև 1991թ․-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի արդյունքով դուրս եկավ փլուզվող ԽՍՀՄ կազմից (ԽՍՀՄ-ն սկսել էր փլուզվել 1991թ․-ի ՊՈՒՏՉ-ից սկսած)։
Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը 1918թ․-ի հիմնադրումից հետո երբեք չի վերացել, ուղղակի ունեցել է բոլշևիկակոմունիստական միասնական կենտրոնից (Մոսկվայից) կախվածության ժամանակաշրջան, թեկուզ և ձևական անկախ՝ իր ատրիբուտներով:
Այն, ինչ ստեղծվեց և հիմնադրվեց 1918 թվականին, ստացավ ծանր հարվածներ խորհրդային տարիներին, շատ բան պարալիզացվեց, բայց ապրեց: Չլիներ 1918 թվականի պետականաստեղծումը, այսօր Հայաստանը չէր լինի որպես անկախ երկիր:
Իսկ անցած պատմական շրջանները կարելի է պայմանական կոչել.
1. Պետականության վերականգման (1918թ․-ի մայիսի 28-ից 1920 դեկտեմբերի 2),
2. Խորհրդայնացման (1920թ․-ի դեկտեմբերի 2-ից 1922թ․-ի դեկտեմբերի 30),
3. ԽՍՀՄ կազմի մեջ գտնվելու շրջան (1922թ․-ի դեկտեմբերի 30-ից 1991թ․-ի սեպտեմբերի 21)
4. Վերաանկախացման (1991թ․-ի սեպտեմբերի 21-ից առ այսօր):

Այնպես որ, 2018 թվականի մայիսի 28-ին լրանում է ՀՀ 100-ամյակը։
Հազարամյակների կյանք իմ պետությանը՝ հայության հետագա ֆիզիկական գոյության ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ: Հուսամ և ամեն ջանք գործադրենք, որ այն հայ մարդու համար դառնա արժանապատիվ կյանքով ապրելու ԶԱՐԳԱՑԱԾ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որ միջուկ հանդիսանա ապագա ազատ, անկախ եվ միացյալ Հայաստանի համար։