Խաչվեցին հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգարվեստը. «Գանձասար» գորգն օրհնվեց և նվիրվեց Գանձասար վանքին (Photo)


11:13 , 24 հոկտեմբեր, 2017

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության Գանձասար վանական համալիրում տեղի ունեցավ սիմվոլների ինստալյացիա. 3 գորգեր, որոնք հատուկ գործվել էին Գանձասարի համար, օրհնվեցին ու հանձնվեցին վանական համալիրին: 

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը, «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և այլ նշանավոր անձինք: 

IMG_0982 copy

Վանական համալիրի տարածքում «Մռակած» կամերային երգչախմբի «Հայր մեր»-ի, «Ազգային օրհներգ»-ի հնչյունների ներքո սկսվեց «Գանձասար» գորգի օրհնման ծեսը:

Ծիսակատարության մեկնարկին հաղորդավար, մեկնաբան Արտակ Ալեքսանյանն ասաց, որ գորգերը Հայոց աշխարհինն են, Արցախինը, մեկը՝ հոգևոր, մյուսը՝ աշխարհիկ իշխանությանը: 

«Գորգերը սոսկ պատմություն փոխանցող չեն: Նրանք փոխանցում են սիմվոլների հետևում թաքնված գաղափարներ ու խորհուրդներ: Գորգերում ոչինչ պատահական չէ՝ ո՛չ գծերը, ո՛չ գույները, ո՛չ նախշերը:

Հայկական գորգերի առաջին նմուշները՝ գտնված Արենիի քարավայրում, թվագրվում են Ք. ա. 5-րդ դարով: Գորգագործական արվեստն իր պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների պատճառով։ 

Իսկ այսօ՞ր: Այսօր մենք փորձում ենք վերականգնել այն, ինչ կորցրինք ցեղասպանության պատճառով»,- ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը սկսվում է նոր նախաձեռնությամբ, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգարվեստը:

«Նախագիծը սկիզբ է առնում Արցախից, և սա պատահական չէ: Արցախը եղել է և այսօր էլ հայկական գորգագործության կենտրոններից մեկն է: Ձեռագործ գորգն այսօր կբացվի Գանձասարում, հետո՝ ևս չորս եկեղեցիներում:

Այս նոր նախշերով գորգը՝ հատուկ նախագծված Գանձասարի համար, հենց այդպես էլ կոչվելու է՝ «Գանձասար» գորգ: Եվ այդպես՝ ամեն եկեղեցու համար»,- ասաց Ալեքսանյանը:

IMG_1046 copy
Ծիսակատարությանը ելույթով հանդես եկավ նաև «Մեգերյան Կարպետ» ընկերության ղեկավար Րաֆֆի Մեգերյանը։ Նա ասաց, որ գորգի պատմությունը պարզապես պատմություն չէ. «Գորգի պատմությունը շատ խորն է, մեր ազգի, մեր կորսված ժողովրդի պատկերն է, որի հետևից մենք կարողանում ենք գնալ և ետ բերել: Ես շնորհակալ եմ, որ մեզ վստահեցիք «Գանձասար» գորգը հյուսելը: Մեր հայ աղջիկների ձեռքերով է հյուսվել այն։ Շնորհակալ եմ»:

IMG_1063 copy
Այնուհետև ելույթով հանդես եկավ նախաձեռնության հեղինակ Միքայել Մինասյանը, ում ներկայացնելիս Արտակ Ալեքսանյանն ասաց, որ հենց նրա հայկական առանցքով, բայց միջազգային սանդղակով ռացիոնալ աշխարհընկալման շնորհիվ է, որ գորգերի այս նախագիծը ծնվել է, միս ու արյուն դարձել, թիմ ձևավորվել, ֆինանսավորվել և կյանքի կոչվել:

Միքայել Մինասյանն ասաց, որ երկու տարի առաջ, որպես ուխտագնաց, իր ընկերոջ՝ Վարդան Կարապետյանի հետ այցելել է Գանձասար, որտեղ տեսել են գեղեցիկ, բայց ոչ հայկական գորգ, ինչը խորհրդանիշների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք կարելի է համարել: 

«Վայրը, որտեղ ես եմ աշխատում, հայտնի է իր համակ ուշադրությամբ սիմվոլների և հիշողության նկատմամբ: Դրանք իրար հետ համատեղելով է կերտվում ապագան: «Գանձասար» գորգերի համալիրը նոր փորձ է՝ համադրելու սիմվոլներն ու հիշողությունը: Մենք սկսել ենք ծրագիր և շատ սեղմ ժամկետներում ավարտելու ենք այն. Արցախի բոլոր կարևոր եկեղեցիներն ու վանքերը լինելու են օրհնված իրենց անունը կրող գորգերով: Շուտով սկսելու ենք «Ղազանչեցոց» գորգը, «Ամարասը» և այլն»,- ասաց նա:

Սուրբ աթոռում ՀՀ դեսպանն ասաց, որ այդ ճանապարհը սկսվել է երկու տարի առաջ, և հույս հայտնեց, որ կշարունակվի դարերով։

«Շարունակողներ կլինեն, վստահ եմ»,- եզրափակեց խոսքը Միքայել Մինասյանը: 

Դեսպանի ելույթից հետո Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գրեթե անհավանական տեմպով ծրագրի իրագործման պատճառներից մեկը նաև Արցախի առաջնորդի աներկբա աջակցությունն է եղել: 

IMG_1077 copy

Այնուհետև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի օրհնությամբ Գանձասարի բակում հնչեց Տերունական աղոթքը, օրհնվեցին երեք գորգերն ու հանձնվեցին Գանձասար եկեղեցուն:

Ծիսակատարության ավարտից հետո Պարգև արքեպիսկոպոսն ասաց, որ ծիսարանի մեջ կա եկեղեցու սպասք օրհնելու կարգ. «Այդ կարգը մենք ունենք, բայց սա մեզ համար բացառիկ երևույթ է, որ ամեն վանք ունենա հատուկ իր գորգը, որը նախաձեռնել է պարոն Մինասյանը: Սրանով նա նոր մշակույթ է մտցնում հայոց աշխարհ: Հիմա տարբեր բարերարներ տարբեր եկեղեցիների համար պիտի սկսեն եզակի գորգեր պատվիրել: Սա բացառիկ ուրախ տոն է»:

Գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք գորգերի նախագծումը տևել է մոտ չորս ամիս, որից հետո այն հանձնվել է «Մեգերյան Կարպետ» ընկերությանը: 

«Ուղեգորգի, խորանի գորգի ու ներքին ատյանի գորգի նախշերն ամբողջությամբ վերցված են Գանձասար վանքի վրայի փորագրություններից ու զարդաքանդակներից: 

Յուրաքանչյուր եկեղեցուն բնորոշ առանձնահատկությունները հաշվի են առնվել գորգագործության մեջ: Գորգերում գերիշխում է կարմիր գույնը: Երեք գորգերում հիմնական խորհրդանիշը վանքի պատերին պատկերված ութ թևանի աստղերն են»,- ասաց նա։

Ծիսակատարության ավարտին աղոթք հնչեց նաև Գանձասար վանքի ներսում, որի ժամանակ Պարգև Սրբազանը ևս մեկ անգամ նշեց, որ տեղի ունեցած իրադարձությունը կարևոր է հայ եկեղեցու համար, նշանակալի է հայոց պատմության մեջ: 

IMG_0863 copyIMG_0865 copyIMG_0886 copyIMG_0913 copyIMG_0942 copyIMG_0991 copyIMG_0998 copyIMG_1010 copyIMG_1029 copyIMG_1048 copyIMG_1067 copyIMG_1123 copyIMG_1129 copyIMG_1136 copyIMG_1149 copyIMG_1174 copyIMG_1181 copyIMG_1186 copyIMG_1190 copyIMG_1216 copy