Տարեց ճապոնացին 7 հետիոտնի է վթարի ենթարկել՝ շփոթելով ավտոմեքենայի ոտնակները


00:20 , 21 հոկտեմբեր, 2017

Տոկիո պրեֆեկտուրայում տարեց ճապոնացին շփոթել է ավտոմեքենայի ոտնակները և վրաերթի է ենթարկել հետիոտների: Պատահարի հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել, երբ 85-ամյա վարորդը դուրս է եկել ստորգետնյա կայանատեղիից: Ավտոմեքենան հարվածել է հետիոտներին և կանգ է առել միայն պատնեշին հարվածելուց հետո՝ ճանապարհի հակառակ կողմում:

«Ես հավանաբար ոչ ճիշտ ոտնակը սեղմեցի, բայց հաստատ չեմ հիշում»,- ասել է վթարի մեղավորը:

Հետիոտների վնասվածքները լուրջ չեն: Մեքենայի վարորդը և նրա ուղևորը չեն տուժել: Վարորդը ձերբակալվել է: Նրան անզգուշությամբ վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել: