Կարտոֆիլի հյութ՝ հուսալի դարման 100 ցավից


10:41 , 18 հոկտեմբեր, 2017

Այս արմատապտուղը ոչ միայն ախորժելի մթերք է, որից բազմաթիվ ճաշատեսակներ կարելի է պատրաստել, այլև բանջարեղեն, որի թարմ հյութը հազար ու մի հիվանդություն է բուժում:

Այն օգտագործվում է որպես արտաքին և ներքին հիվանդությունները դարմանելու բնական միջոց: Կարտոֆիլի արժեքավոր բաղադրությունն օգնում է գլխացավի ու խոցերի դեպքում, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում շաքարի մակարդակն արյան մեջ:

Կարտոֆիլի հյութ. օգո՞ւտ, թե՞ վնաս

Կարտոֆիլը ոչ միայն որպես արժեքավոր մթերք է օգտագործվել, այլև դրանով էկզեմա, այրվածք, մաշկային հիվանդություններ են բուժել, կիսած արմատապտուղը դրել են հիվանդ տեղին: Ավելի ուշ ժողովրդական բժիշկները գլխի ընկան, որ կարելի է հյութը քամել ու խմելով մի շարք հիվանդություններ բուժել: Թարմ կարտոֆիլի հյութում մեծ քանակությամբ С, В, РР, К խմբի վիտամիններ կան, սպիտակուց, օսլա, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում ու կարատինոիդներ:

Թարմ կարտոֆիլի հյութն այսօր կիրառվում է այնպիսի հիվանդություններ բուժելու նպատակով, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, գաստրիտը, գլխացավը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը, շաքարախտը, միոման և այլն: Կիրառվում է նաև որպես օրգանիզմը մաքրող միջոց:
Հակաբորբոքային, վերքը սպիացնող, ընդհանուր ամրապնդող ու միզամուղ հատկություն ունեցող թարմ կարտոֆիլի հյութն այնքան էլ հաճելի չէ, ուստի առաջարկվում է օգտագործել խնձորի, գազարի հյութի հետ: Սակայն այդ դեպքում դրա բուժիչ ազդեցությունը թուլանում է:

Ինչպես պետք է կարտոֆիլի հյութ պատրաստել

Կարևոր պայման է, որ կարտոֆիլը լինի մատղաշ կամ գոնե չթոշնած, հարմար է վարդագույն տեսակը: Կարտոֆիլը պետք է լավ լվանալ խոզանակով ու կեղևով հյութաքամիչով քամել: Պետք է օգտագործել «անարատ»` առանց պեստիցիդների, չվնասված արմատապտուղները:
Մեկ այլ տարբերակ էլ կա. կարելի է կարտոֆիլը քերել ու երկտակ թանզիֆով քամել ու դնել մի կողմ, որ օսլան նստվածք տա, ապա ոչ մեծ կումերով խմել ուտելուց մեկ ժամ առաջ: Հյութը խմելուց հետո ցանկալի է աջ կողմի վրա պառկել (ստամոքսի խոցի դեպքում):
Կարտոֆիլի թարմ հյութը պետք է խմել քամելուց հետո 10 րոպեում: Արևի լույսը հյութի հանքանյութերն ու վիտամինները քայքայում է, ուստի չի կարելի թողնել լույսի տակ:

Կարտոֆիլի հյութը խմելուց հետո հնարավոր է` կոկորդում քերոցի զգացում առաջանա սոլոնինի ազդեցությամբ: Այդ վիճակը վերացնելու նպատակով կարելի է խնձորի կամ թուրինջի հյութ խմել:
Ի դեպ՝ կարտոֆիլի հյութի բուժիչ ազդեցությունը ոչ միայն ժողովրդական բժշկությունը, այլև պաշտոնականն է ընդունում:

Նշենք նաև, որ թարմ հյութը ցավազրկող, փորը թուլացնող, սպազմալիտիկ, հակաբորբոքային հատկություն ունի, ջուր-աղային հավասարակշռությունն է վերականգնում, հեմոգլոբինի մակարդակը պահպանում, երիկամների ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կանոնավորում: