Մի բուռ սեր ու զգացմունքների մեծ տարափ. Սիրո քացաք Երևանն այսօր տոնեց հիմնադրման 2799-ամյակը: «Տես Երևանը», «Լսիր Երևանը», «Զգա Երևանը», «Սիրիր Երևանը». տոնական միջոցառումները ներառել էին այս 4 հիմնական բաղադրիչները: BlogNews.am-ը շրջել է տոնական Երևանով, ներկայացնում ենք օրվա գունեղ ու վառ պահերը:
Սիրո քաղաք Երևանն իր ծննդյան օրն արևային տրամադրություն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաև Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել էին հետաքրքիր միջոցառումներ:
Լուսանկարչական տաղավարներ, կավճանկարային ցուցահանդեսներ, ժողովրդական արվեստի, տարազների, խոհանոցի տոնահանդես եւ իհարկե տոնական հրավառություն…
«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթներն սկսել էին Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:
Արդեն երեկոյան քաղաքամայր Երևանն տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորեց ծննդյան օրը: Գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն էլ առավոտից էին ուրվագծել տոնական ձևավորման ամբողջական պատկերը՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված էին Երևանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով:
«Էրեբունի-Երևան 2799»-ի տոնական մթնոլորտը երեկոյան, ավանդույթի համաձայն, տեղափոխվեց համերգային հարթակներ:
Օրվա ընթացքում մարզական միջոցառումներով հագեցած Ազատության հրապարակում երեկոյան տարածվեց ռոքի վարակիչ տրամադրությունը: Այս տարի բեմահարթակում էին հայաստանյան հայտնի ու սիրված «Դոգմա», «Նեմռա» և «Միկա Աելիան» ռոք խմբերը:
Ազնավուրի հրապարակում էլ ջազ էր հնչում: Երեկոյի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսի համար ելույթներ ունեցան հայկական ջազի մի շարք ներկայացուցիչներ:
Կասկադ համալիրի հարակից տարածքում էլ կազմակերպվել էր «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական համերգ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աջակցությամբ, հայ էստրադայի սիրված երգիչները` կենդանի կատարումներով, իրենց սերն են խոստովանել հարազատ քաղաքին: Տոնական համերգը եզրափակվել է մայրաքաղաքին նվիրված նոր «Երևան՝ Սիրո քաղաք» երգի կատարումով: Տոնական ծրագիրը եզրափակվել է գիշերային Երևանի երկինքը գունազարդած շքեղ հրավառությամբ: Վաղվանից սկսվելու է հավերժի ճամփորդ մեր մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական՝ 2800-րդ տարվա հաշվարկը ...
Նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ Երևանի տոնի համար քաղաքային բյուջեից այս տարի հատկացվել էր ընդամենը 80 մլն դրամ: Գալիք հոբելյանական տարին՝ «Էրեբունի-Երևան 2800»-ը նախատեսվում է տոնել շատ ավելի շուքով:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Հովահաննիսյանի