Հունական կրակ՝ Բյուզանդիայի պահապան ամենահզոր ու վտանգավոր զենքը


22:45 , 12 հոկտեմբեր, 2017

«Հունական կրակ» ասելով շատերը Օլիմպիական խաղերը, աթլետներին ու սպորտային մարտի ոգին են վերհիշում: Սակայն հունական կրակը սպորտի հետ առհասարակ կապ չունի: Այս հսկայական զենքը դարեր շարունակ թշնամիների հարձակումից պաշտպանել է Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը:

Հունական կրակն այրվող նյութերի խառնուրդ է, որը որպես զենք էր ծառայում միջնադարյան Բյուզանդիայում: Հարմարանքը, որի միջոցով հունական կրակն ուղարկվում էր հակառակորդի վրա, իրենից ներկայացնում էր պղնձե խողովակ ու կոչվում էր սիֆոն: Հատուկ ջոկատը սիֆոնը լիցքավորում էր հունական կրակով, այրում էր այն ու ուղղում թշնամու վրա: Հայտնի չէ, թե իրականում ինչպես էր այս գործընթացը կատարվում, սակայն կարելի է ենթադրել, որ դրա համար օգտագործվում էր սեղմված օդ: Այսօր հունական կրակ նույնությամբ ստանալն անհնար է, քանի որ դեռ չի գտնվել որևէ աղբյուր, որտեղ հստակորեն նշված լինեն դրա բաղադրությունն ու կազմությունը: Միջնադարում օգտագործված նյութերից հունական կրակը, ենթադրաբար, պարունակում էր նավթ, ծծումբ ու այրվող այլ նյութեր, սակայն ևս մի գաղտնի նյութ կար բաղադրության մեջ, բայց թե որն էր դա, հանելուկ է:

Հունական կրակի օգտագործման մասին առաջին հավաստի տեղեկությունը պատկանում է 673 թվականին, երբ բյուզանդական նավատորմն ամբողջովին այրեց արաբական նավատորմին: Բյուզանդական կայսրության աշխարհագրական դիրքը թույլ էր տալիս ունենալ հսկայական նավատորմ, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հունական կրակը մեծ կիրառություն է ունեցել հենց նավաստիների մոտ: Ոչինչ չէր կարող դիմակայել կրակի փոշե խառնուրդի ջերմությանը․ այրվում էր անգամ ջուրը: Անգամ խոսք չի կարող գնալ միջնադարյան փայտե նավերի մասին, որոնք վառվում էին, ինչպես լուցկիները:

Դժվար թե բյուզանդացիները կարողանային տիրապետել այնպիսի տեխնոլոգիաների, որոնք հնարավորություն կտային խողովակում մեծ ճնշում ստեղծել, դրա համար էլ հունական կրակը ժամանակակից հրանոթների հետ համեմատել չի կարելի: Կրակը շատ հեռու չէր գնում՝ առավելագույնը 15-20 մ, սակայն դա էլ բավարար էր հակառակորդ նավատորմի դեմ հաջող պայքար տանելու ու նրանց սարսափի մատնելու համար: Բյուզանդական նավատորմին մնում էր միայն մի հնարավորություն՝ ինչքան հնարավոր է շուտ փախչել բյուզանդական նավերից, որոնք զինված էին սիֆոններով:

Բյուզանդական նավատորմի գերիշխանությունը ծովում շարունակվեց մի քանի դար: Հունական կրակից տուժեցին բոլորը՝ արաբները, եվրոպացիները, ռուս իշխանները: Սակայն բյուզանդական ցամաքային զորքերը չունեին այնպիսի զենք, ինչպիսին ուներ նավատորմը, այդ պատճառով էլ մեկը մյուսի հետևից պարտություններ էին կրում: Սակայն փոշու հրացանների գյուտն ու նավերը զինելը օգնեցին արաբներին հեռվից կրակել բյուզանդական նավերին: Հունական կրակ կոչվող հրաշք-զենքը մի պահում դարձավ անպետք, և արդեն ոչինչ չէր կարող հետ պահել Կոստանդնուպոլիսին անկումից: