«Ինձ շատ լիարժեք եմ զգում և անձնականս ցույց տալ չեմ ուզում». Շուշան Երիցյանը` ծնունդը մեծ խնջույքով չնշելու պատճառների մասին


16:00 , 12 հոկտեմբեր, 2017

Դերասանուհի Շուշան Երիցյանը երեկ մտերիմների շրջապատում նշել է ծննդյան օրը: Դերասանուհին BlogNews.am-ի հետ զրույցում մի քանի մանրամասն է պատմել խնջույքի և ստացած նվերների մասին:

«Այս տարի ինձ ավելի լիարժեք եմ զգում, իմ անձնական կյանքն ավելորդ անգամ ցույց տալ չեմ ցանկանում: Ծննդյանս օրը ներկա էին այնպիսի մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են, սակայն հանրային մարդիկ չեն, և ես չէի ցանկանա հանրայնացնել դա: Սիրելիիս ներկա լինելու մասին չէ խոսքը, պարզապես ես այնքան ներդաշնակ և բավարարված եմ իմ կյանքում, որ ևս մեկ անգամ դա մարդկանց ցույց տալու կարիք չունեմ»: 

«Ինձ համար շատ արժեքավոր է այն տարիքը, որ ես հիմա ունեմ: Տարիներ անց ես կարող եմ ունենալ շատ ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ բարձունքների կարող եմ հասած լինել, սակայն այն, ինչ ես ունեմ հիմա, էլ երբեք չեմ կարող ունենալ: Ես շատ եմ արժեքավորում իմ երիտասարդ տարիքը, ամեն մի օրը փորձում եմ ճիշտ օգտագործել, դասավորել և հետագայի համար ստեղծել այնպիսի նախադրյալներ, որ տարիքիս վրա երբեք բացասական չանդրադառնա»:

Դերասանուհին շատ է սիրում իր ծննդյան օրը և շատ կարևորում. «Դա հենց իմ օրն է և տարվա ամենակարևոր օրերից մեկը: Եթե մարդ իր ծննդյան օրը չարժեքավորի, դիմացինները չեն արժեքավորի: Իմ ընկերները նույնիսկ չեն էլ հարցնում՝ ինչ նվիրեն, քանի որ շատ լավ գիտեն իմ նախասիրությունների մասին, գիտեն՝ ինչպես կարող են ինձ զարմացնել: Եթե խոսքը վերաբերմունքի մասին է, առաջին տեղում է նրանց սերը, իսկ, դրանցից բացի, ես շատ արժեքավորում եմ ինչ-որ սիմվոլներ, խորհրդանիշ ունեցող իրերը՝ լինեն դրանք թանկ, թե մատչելի»,- եզրափակեց դերասանուհին։ 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի