20:43 , 14 ապրիլ, 2013
Ազգերի հանճարը ստեղծագործ,իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում:Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ:
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:
Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:
Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
Սուրբ, հերոս, բարեգործ - սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն: Անհայրենասեր հայ-այդ դժբախտը նման է այն թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով. «Միայն գահ բարձրացավ»:
Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները:
Անհայրենասեր ժողովուրդ, ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ, որ իրենից ներկայացնում է մի տրցակ, բայց ոչ թե մի մարմին, «անհատների փոշի», բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտի լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև:
Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի - բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական, թե անձնական ցավերը:
Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված:
Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Կան այնպիսիները, որոնք իբրև թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետև սիրում են և մարդկությունը, գործնականում մնում են անտարբեր թե դեպի մեկը, թե դեպի մյուսը: Սրանք նույնպես հակազգային ուժ են: Սխալվում են ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերավարականը, համայնավարը, անիշխանականը:
Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը: