Բաբուխանյանի և նրա ընդդիմախոսների ծայրահեղականությունների պատճառով շեղվում ենք կարևորից


14:27 , 3 հոկտեմբեր, 2017

Բաբուխանյանն, իհարկե, բաբուխանյանություն է արել՝ ասոցացնելով Եվրոպան միայն ու միայն գեյերի հետ: Առհասարակ, եթե մի քիչ տրվենք դավադրապաշտությանը ու Օվերտոնի տեսությանը, ապա Բաբուխանյանն ու նման հռետորաբանության և այդ հռետորաբանության մատուցման յուրահատուկ «կուլտուրայի» հետևորդները ոչ պակաս դեր են խաղում այդ չարաբաստիկ ԼԳԲՏ քարոզչության ու գաղափարների տարածման հարցում, որքան Սորոսյան գրանտասունները, որովհետև իրենց ծայրահեղական մոտեցումներով ու ապսուրդային մեկնաբանություններով դելեգիտիմացնում են այն ադեկվատ մարդկանց դիրքորոշումը, ում ևս մտահոգում է այդ հարցը:

Ինչևէ, Բաբուխանյանին թողնենք մի կողմ, առանց ինձ էլ այսօր Ֆեյսբուքը նրան ու յուր հայտարարությունն է քննարկելու, ու դա մի տեսակ անարդար է: Ինչպես նշեցի, Բաբուխանյանը վնասակար ծայրահեղացում է թույլ տվել, բայց, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում: Չէ՞ որ հենց ԵՄ-ական կառույցների ու դերակատարների ամեն երկրորդ խոսքում էդ անտեր ԼԳԲՏ իրավունքների հարցն է: Ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ, ի թիվս այլ բաների, ԵՄ-ն ու տարբեր հասարակական միավորներ տարիներ շարունակ ու հետևողականորեն այդ թեմայի համառ լոբբինգ են իրականացնում Հայաստանում: Ով կասի, որ այդպես չէ, կա՛մ անիրազեկ է, կա՛մ սուտասան: Վստահ եմ, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրինագծի ընդունման դեպքում էլ այդ խոսակցությունները նոր թափ են ստանալու, թեև քննարկվող տեքստում որևէ ուղղակի հիշատակում չկա այդ կատեգորիայի մասին:

Այ, խնդիրը հենց դա է, ու հենց դրա համար է, որ Բաբուխանյանի հռետորաբանությունը շնորհակալ լսարան է գտնելու մեր հանրության մոտ: Նաև դրա համար է, որ պոտենցիալ ակտուալ ու պետքական օրինագիծը չենք կարողանալու հավուր պատշաճի մշակել ու նորմալ բովանդակության հասցնել: Փոխարենը, մեզ պատմելու են գեյերի ու ԵՄ-ի առևտրաշրջանառության մասին: Ու վերջում, կրկնեմ, Բաբուխանյանի դիրքորոշումն ապսուրդի աստիճանի հասցված ռադիկալիզմ է, բայց, մեր մեջ ասած, ապսուրդի աստիճանի հասցված ոչ պակաս ռադիկալիզմ է «այ մարդ, ԵՄ-ն էնքան լավն ու պուպուշն է, իսկ ԼԳԲՏ-ի քարոզը՝ հեքիաթ» դիրքորոշումն է, որն այսօր շատերին է բնութագրում: