Քրդստանի տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանիի իրական «ընդդիմախոսը» շիա հայտնի այաթոլլահ Ալի Սիստանին է


00:33 , 30 սեպտեմբեր, 2017

Չնայած այս մասին շատ չի գրվում, սակայն Քրդստանի տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանիի իրական «ընդդիմախոսը» համաիրաքյան քաղաքական դաշտում թվացյալ ստվերում գտնվող շիա հայտնի այաթոլլահ Ալի Սիստանին է, որը նույնիսկ Արևմուտքում դիտարկվում է որպես հետսադդամյան Իրաքի ամենաազդեցիկ գործիչ:

Ուշագրավ է, որ հենց նրա կրոնական հրովարտակի (ֆեթվա) համաձայն է ստեղծվել նաև այսօրվա Իրաքի ամենաարդյունավետ և թերևս ամենամարտունակ ռազմական միավորումը՝ «ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի»):

Այս հռչակավոր այաթոլլահը սերում է Իրանի արևելքում գտնվող Սիստանի տարածաշրջանից, որն ավելի ուշ պարսկականացված սակերի (սկյութների) պատմական բնակության տարածքներից մեկն էր՝ մինչիսլամական միջնադարում հայտնի հենց Սակաստան անունով:

Բազմիցս եմ գրել, որ պատմությունը հետաքրքիր անակնկալներ ունի, քանզի տվյալ դեպքում արաբական երկիր համարվող Իրաքում հենց այս պահին իրականում, պատկերավոր ասած, «մրցակցում են» երկու իրանական ժողովուրդներից՝ քրդերից և պարսկականացված սակերից սերող խարիզմատիկ առաջնորդները: