«Ժամանակ». Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը


10:10 , 28 սեպտեմբեր, 2017
«Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, և երևի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սևեռել հենց այդ հանգամանքի վրա, նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ:
 
Դանքընի այցն, իհարկե, իր հերթին բավականին ուշագրավ այց էր մի քանի առումներով: Նախ ինքնին անհրաժեշտություն կա սերտացնել հայ-բրիտանական հարաբերությունը՝ հաշվի առնելով այդ երկրի միջազգային տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական դերակատարությունը: Այդ դերակատարությանը համարժեք, Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունը, թերևս, ունի սերտացման մեծ տեղ: Այստեղ հատկանշական է նաև այն, որ Մեծ Բրիտանիան բավականին մեծ տնտեսական և քաղաքական հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, այնտեղ նավթային ոլորտում ներկայացված բրիտանական կապիտալի տեսքով: Իսկ բրիտանական արտաքին քաղաքականության հարցում կապիտալի հանգամանքն ունի առանցքային, առաջնահերթ նշանակություններից մեկը:
 
Եվ ահա, այդ համատեքստում էլ Մեծ Բրիտանիան Հայաստանի համար պետք է ներկայացնի հետաքրքրություն, և Երևանն ու Լոնդոնը անկասկած կարող են գտնել գործակցության եզրեր: Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց բրիտանական մամուլը սկսեց Ալիևի հետ կապված հերթական կոռուպցիոն միջազգային աղմուկը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի իշխանությունը գործնականում դարձել է համաշխարհային մասշտաբով կոռուպցիա սնող համակարգերից մեկը:
 
Այդպիսով, այս համատեքստում բրիտանացի նախարարի հայաստանյան այցն իսկապես ուշագրավ է դառնում և թերևս կարող է անուղղակիորեն վկայել Երևան-Լոնդոն երկխոսության նոր բովանդակության կամ նոր իմպուլսի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Վերադառնալով Նալբանդյանի հայտարարությանը, հատկապես այդ տարածաշրջանային հեռանկարի ֆոնին, հիշեցնենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջ նրա ելույթի մասին էր և դրա ընթացքում հայտարարության, թե Երևանը բանակցում է Բաքվի հետ տարածք վերադարձնելու հարցով, բայց այն տարածքները, որոնք նշանակություն չունեն Արցախի անվտանգության տեսանկյունից:
 
Եվ ահա, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, և ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունները հիշատակելու համատեքստում, քանի որ տարածքների հարցը շոշափվում է հենց այդ սկզբունքներում՝ այսպես կոչված, Մադրիդյան, որոնք էլ հիշատակվել են նախագահների այդ հայտարարություններում: Նալբանդյանը հայտարարել է, որ առանցքայինը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ՄԱԿ-ում, կարգավիճակի և Արցախի անվտանգության հարցն է: Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա:  Ահա այս իմաստով Նալբանդյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է և հատկապես՝ բրիտանացի նախարարի հետ համատեղ ասուլիսի ենթատեքստում:
 
Բանն այն է, որ տարածքների մասին նրա հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրությունը տեղեկացավ ռուսական լրատվամիջոցներից: Որովհետև հենց նրանք տիրաժավորեցին հայտարարությունը, իսկ հայկական մամուլը ընդամենն արձագանքել է արդեն նրանց հարուցած, այսպես ասած, աղմուկին: Հետևաբար, եթե Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ ինչ-որ մարդկանց պետք էր հենց դա, ապա նշանակում է, որ այդ մարդկանց պետք է փնտրել ռուսական մամուլի տիրույթում, Նալբանդյանի խոսքը համատեքստից կտրելու և աղմկոտ մատուցելու ռուսական մեդիայի քայլերում, հրապարակումների հետևում կամ ներքևում, այսպես ասած՝ տողատակում:
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: