Զարուհին կհայտարարի համամոլորակային խաշի օր


19:00 , 27 սեպտեմբեր, 2017

Օրերս Զարուհի Փոստանջյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ կոչ էր անում համախմբել համայն հայությանը և պայքարել Հայաստանի փրկության համար: Բացի այդ՝ Զարուհին մտադիր է Համազգային ընդվզման օր հայտարարել։

Փոստանջյանն իր մի քանի թիմակիցների հետ շրջում էր մարզերում և փորձում էր ներկայացնել իրենց ծրագրերն ու նպատակները: Վերջերս էլ մի դիտարկմանը, թե արդյոք ընկալելի են մարդկանց իրենց ծրագրերը, և կա գործողությունների հստակ ծրագիր ու օրակարգ, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Իհարկե, և՛ ծրագիր ունենք, և՛ օրակարգի մասին ենք մտածում, որոնք պետք է ընդունվեն։ Հաջորդ քայլը լինելու է գլոբալ համահայկական համաժողովը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Մենք շուրջ 1,5 մլն քաղաքացիներ ունենք, որոնք գտնվում են արտասահմանում և չեն կարող մասնակցել հայաստանյան քաղաքական կյանքին։ Նրանք են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ազատ են և կարող են ազատորեն իրենց քաղաքական կամքն արտահայտել»։

Առաջին հայացքից նորմալ քաղաքական ակտիվություն է, որը կարող է լինել ցանկացած կուսակցության կողմից: Բայց Փոստանջյանի ու իր կուսակցության դեպքում այս ամենը զավեշտալի է: Նախ՝ սկսենք նրանից, որ Զարուհու մարզային արշավները, մեղմ ասած, մարդաշատ չէին, իսկ եթե ավելի կոնկրետ՝ հենց իրենց ուղիղ եթերներից երևում էր, որ այս մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվել է զրուցել թերևս մեկ տասնյակի չհասնող մարդկանց հետ: Երկրորդ՝ Զարուհուն պետք է հիշեցնել վերջին ընտրություններում գրանցած արդյունքները և հորդորել ոտքերը սեփական վերմակի չափ պարզել, թե չէ համահայկական համաժողով, 1,5 մլն մարդ և այլն:

Հ.Գ. Զարուհին գոնե պատկերացնո՞ւմ է, որ 1,5 միլիոն մարդկանց մի գաղափարի շուրջ համախմբելու մասին խոսելիս գոնե պետք է կարողանալ նախ 15-ից ավել մարդու համախմբել մեկ գաղափարի շուրջ: Այս ամենն արդեն անգամ ծիծաղելի էլ չէ: Ինչի՞ է Փոստանջյանը համազգային ընդվզման օր հայտարարում, ի՞նչի է նման փոքր կալիբրից սկսել։ Մեր Երկիր մոլորակում ապրում է շուրջ 7 միլիարդ մարդ։ Կարող էր միանգամից համաշխարհային ընդվզման օր հայտարարել։ Մեկ է, ցանկացած պարագայում էլ ոչ մեկ բանի տեղ չէր դնելու։ Կարծում եմ, որ համամոլորակային խաշի օր հայտարարելն ավելի արդյունավետ կլիներ։