Մեկնարկում է «Դոմինո» սիթքոմի վերջին եթերաշրջանը. ո՞ր երկու դերասաններն են նկարահանվելու նախագծում


18:15 , 26 սեպտեմբեր, 2017

Հոկտեմբերին Արմենիա TV-ի աշնանային եթերաշրջանում կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի 5-րդ եթերաշրջանը։ Սա նախագծի վերջին եթերաշրջանն է, այս անգամ հեռուստադիտողը եթերում կտեսնի երկու սիրված դերասանների՝ Հովհաննես Ազոյանին և Մերի Հակոբյանին: 

Այս եթերաշրջանում չենք տեսնի դերասանուհի Թիմա Գավալյանին, ով մարմնավորում էր Գարիկի կնոջ մորաքրոջը. նրա կերպարային գիծն ավարտվել է: 

«Միկան որոշում է ամուսնանալ, բայց հայտնվում է նրա ներքին ձայնը՝ Հովհաննես Ազոյանը և փորձում հետ պահել նրան այդ քայլից: Հովոյի կերպարը Միկան է հոգու խորքում»,- նշում է նախագծի սցենարիստ Սարգիս Կալպակյանը:

Դերասանուհի Մերի Հակոբյանն էլ խորամանկ, գեղեցիկ աղջկա կերպարում է, ով ծանոթանում է Գարիկի հետ և փորձում շորթել նրա գումարը: Իսկ թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, սցենարիստը չցանկացավ բացահայտումներ անել: