Թրամփի խորհրդականները նրան խնդրում են խուսափել Կիմ Չեն Ինի հասցեին վիրավորական արտահայտություններից


20:00 , 23 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները բազմիցս խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից՝ ուղղված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Այս մասին հաղորդում է Los Angeles Times թերթը:

Ըստ այդմ՝ ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, մտավախություն ունեն, որ Թրամփի կտրուկ արտահայտությունները կնպաստեն լարվածության մեծացմանը և կվերացնեն բանակցությունների ցանկացած հնարավորություն:

Այնուամենայնիվ, Թրամփը հաշվի չի առնում նրանց կարծիքը. ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ նա հյուսիսկորեացի առաջնորդին անվանել է ««մարդ-հրթիռ», որը կատարում է ինքնասպանի առաքելություն»: Նա նաև հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կոչնչացվի, եթե լուրջ սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի համար: