Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
«Մեծարգո՛ Նախագահ,
Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:
Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առտևտրային նու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը:
Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»։