«Ադրբեջանական լվացքատուն» սկանդալն իր հովանոցի տակ է առել նաև Բունդեսթագի ընտրությունները։ The Guardian-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշնակից, Քրիստոնեա-դեմոկրտական միությունից պատգամավոր Կարին Ստրենզը գումարներ է ստացել Բաքվից։
Խոսքը 7-15 հազար եվրոյի մասին է, որը նրան փոխանցվել է նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով լոբբիստ Էդուարդ Լինթների Line M-Trade ընկերության միջոցով: Սկանդալը սպառնում է ցնցել Գերմանիայում ընթացող նախընտրական արշավը։
Պարբերականը հայտնում է Ստրենզի կողմից մի քանի անգամ Ադրբեջան կատարած այցերի մասին, այդ թվում որպես ընտրությունների դիտորդ։ Ներկայում նա հանդիսանում է Գերմանա-հարավկովկասյան բարեկամության խմբի ղեկավար:
Այժմ նրանից պահանջում են պարզաբանել՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի տրամադրած գումարներն ազդած լինեն նրա քվեարկությունների վրա Բեռլինում և ԵԽԽՎ-ում։