Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող փաստաթղթերից մի հատված փոխանցվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին


18:00 , 19 սեպտեմբեր, 2017

Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի շրջանակներում այսօր  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվեցին Վատիկանի գաղտնի արխիվային հազվագյուտ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Բացառիկ նյութերը հանձնեց ‹‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Նա նշեց, որ փաստաթղթերը պատմում են 15 թվականի և դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում կատարված դեպքերի մասին, որոնք դեռևս անհայտ են բոլորին:

«Սրանք արժեքավոր փաստաթղթեր են,  որոնք նորովի կբացահայտեն իրականության մութ կողմերը և մասնագետներին հնարավորություն կտան հետազոտություններ կատարելու»:

Փաստաթղթերը ձեռք են բերվել գործարար Արթուր Ասատրյանի ֆինանսավորմամբ ու ջանքերով:  Մանանա Հակոբյանի խոսքով՝ փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը երկար է տևել. «Փաստաթղթերը հիմնականում ներառում են պապի կողմից գրված նամակները կարդինալներին: Ես հպարտորեն նշում եմ, որ հայրենանվեր ու  ազգանվեր գործ է արվել՝ հանձինս Արթուր Ասատրյանի»:

Cex1
cex2
cex3
cex4
cex5
cex6
cex7

Ձեռագիր և մեքենագիր նյութերը լատինատառ են, որոնք դեռ պետք է թարգմանել, սակայն թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը վստահ է՝ դրանք մեծապես կօգնեն ցեղասպանության գործընթացի ճանաչմանը. «Պոլսում Վատիկանի  դիվանագիտական ներկայացուցիչների գրագրություններն են, որոնք կդառնան առանձին ուսումնասիրության թեմա ու կարևոր տեղ կգտնեն մեր արխիվում»:

Թանգարանին է հանձնվել հսկայական արխիվի մի մասը միայն: Երեք տասնյակից ավելի էջ թվայնացվել է,  մնացածի վրա էլ դեռ մասնագետներն աշխատում են, հետազոտություններից հետո դրանք էլ կհանձնվեն: Ընդհանուր առմամբ՝ արխիվը, որ ձեռք է բերվել, էջ առ էջ կազմում է մոտ 34 մետր:

Վերջում «Ծագումով հայեր» հաղորդաշարի մասնակիցներն ու այլ հյուրեր ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև շրջեցին թանգարան-ինստիտուտով:

cex8
cex9
cex10
cex11
cex12
cex13
cex15
cex18
cex20



Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի