Երեկ Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածը բառերով դժվար է նկարագրել, որովհետև կոռեկտ դժվար կլինի արտահայտվել


15:22 , 13 սեպտեմբեր, 2017

Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները լույս են սփռում այն ամբողջ ֆարսի վրա, որ տարիներ շարունակ փորձում է սքողել ՀՀԿ-ն իր տարբեր ռեբրենդինգային դրսևորումներով։ Ընդ որում՝ սա չի վերաբերում միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Օրինակ, եթե Գերմանիայում սոցիալ-դեմոկրատների շարքերում լինի Bird մականունով ինչ-որ կասկածելի հեղինակություն, որը քրիստոնյա-դեմոկրատների, կանաչների կամ ազգայնականների կին ներկայացուցիչների հետ կխոսի «արա»-ով, նա մեկ րոպեում կվարկաբեկի սեփական կուսակցությունը։ Սակայն այստեղ հարցն այն է, թե ինչպես կվարվեն իր հետ, և ամենակարևորը՝ ինչպես կվարվեն իր հետ իր կուսակիցները։ Գերմանիայում, օրինակ, չի բացառվում, որ ինչ ստատուս էլ ունենա կուսակցության մեջ այդ անձը, հենց այդ պահին նրան կհեռացնեն կուսակցությունից, կստիպեն հրապարակավ ներողություն խնդրել, ու շատ հնարավոր է, որ տվյալ մարդն այլևս երբեք չզբաղվի քաղաքականությամբ, որովհետև նախևառաջ կա պատիվ, հարգանք, կա արժանապատվություն ու հանրության նկատմամբ պատասխանատվություն։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում, ՀՀԿ խմբակցության «Ծիտ» մականվամբ Արմեն Ամիրյանի ու «ԵԼՔ» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բաշխյանի միջև, բառերով դժվար է նկարագրել, որովհետև կոռեկտ դժվար կլինի արտահայտվել։ ՀՀԿ ավագանին իրեն պահեց ամենավերջին ամբարտավանի պես ու տարեց կնոջ հետ խոսեց, մեղմ ասած, ոչ հարգալից տոնով։ Սակայն հարց է առաջանում՝ որտեղի՞ց նա հայտնվեց ավագանու ցուցակում, ու ի՞նչ գործ ունի այս կարգի մարդը Երևանի ինքնակառավարման մարմնում։ Միգուցե նրան ընտրել են և ընտրել են նրանք, ովքեր, մեծ հաշվով, հենց այսօր դժգոհում են նրա պահվածքից։ Եվ հետևաբար, ինչո՞ւ են դժգոհում։ Ահա նրանց թեկնածուն՝ իր ողջ պերճությամբ և թշվառությամբ։ Ահա այն էլիտան, որը, մեծ հաշվով, մենք ենք ձևավորել, ու այստեղ կարևոր չէ՝ ով ում է ընտրել։ Եթե ՀՀԿ-ն մինչ հիմա իշխանություն է, ուրեմն՝ մենք ենք մեղավոր, բոլորս՝ անխտիր։ Հետևաբար, սա մեր հայելին է, ու հարցը տիկին Բախշյանին վիրավորելը չէ, նրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը։ Հարցը համակարգային է, ու մենք պետք է ի վերջո հաղթահարենք այդ բարդույթը՝ յուրօրինակ ծտերի ոտքը պետական կառավարման ոլորտ իսպառ բացառելու համար։