Կ. Կարապետյանն այժմ անցնում է հայոց լեզվի տակ ական դնելու գործին


11:56 , 13 սեպտեմբեր, 2017

Հայաստանում արդեն մոտ 20 տարի տևող իշխանավարման իմիտացիան հարստացնելով նորանոր անգործնական տնտեսական միջոցառումներով՝ «վարչապետ» կոչեցյալ Կ. Կարապետյանն այժմ անցնում է հայոց լեզվի տակ ական դնելու ռուսների և ռուսամոլների ձգտումներն իրականացնելու գործին, որով և ցուցադրում է ռուսական լաքեյ լինելու իր անձի իրական կարգավիճակը:

Lragir.am
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը՝ ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, և ահա մեր Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահել այս լեզվին: Մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Սրանից բացի՝ կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: «Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցական հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձևավորում և զարգացում: Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները»,– կարդում ենք նախագծում:

Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: