Հասարակության մեծամասնությունը ճիշտ հետևություններ չի անում կատարված ողբերգությունից


13:08 , 6 սեպտեմբեր, 2017

Այս տեսանյութի հրապարակայնացումից հետո հետևում եմ հանրային արձագանքին ու պետք է նշեմ, որ շատ տխուր տեսարան է։ Փաստացի՝ կարելի է արձանագրել, որ հասարակության մեծամասնությունը ճիշտ հետևություններ չի անում կատարված ողբերգությունից։ Ի՞նչ են գրում հիմնականում մեկնաբանություններում․․․

Եթե երեկ մի հոծ բազմություն պահանջում էր, որ «Համմերի» վարորդին մատաղ անեն զոհված երեխայի գերեզմանին, ապա տեսանյութի հրապարակումից հետո նույն զանգվածն սկսեց պահանջել մատաղ անել արդեն սպիտակ մեքենայի վարորդին։ Սա որևէ կերպ լուծո՞ւմ է խնդիրը։ Ճիշտ պրոֆիլակտիկա՞ է, օրենքի բացակայությունից բողոքող մարդկանց հարիր արձագա՞նք։ Ո՛չ, իհարկե։

Մի ուրիշ հատված քննարկում է, թե, այնուամենայնիվ, տեսախցիկների առկայությունը պե՞տք է, թե՞ ոչ։ Մեր մեջ ասած՝ հիմար հարց է։ Իհարկե, պետք է։ Այլ հարց է, որ պետք է որոշակի վերանայումներ արվեն խախտումների ու դրանց դիմաց պատիժների հարցում, քանի որ անհնար է մոտ 100․000 մեքենա սպասարկելու համար ադեկվատ ճանապարհային ենթակառուցվածք ունեցող քաղաքում ունենալ 300,000 ավտոմեքենա ու վարել առանց խախտումների։ Բայց կրկին, որքանո՞վ են նման խոսակցությունները ծառայում որպես պրոֆիլակտիկա նման ողբերգությունների դեպքում։ Ըստ իս՝ չեն ծառայում։

Իմ կարծիքով, եթե միջնադարյան բարբարոսական մտածելակերպով չի մարդը, այս ողբերգությունից հետո նրան մատաղ անելու տեսլականը չպետք է հուզի, ոչ էլ անգամ տեսախցիկներինը։ Ինչո՞ւ չենք քննարկում, որ մեր վարորդների մի զգալի հատված ճանապարհին իրեն պահում է անասունի պես՝ հաշվի չնստելով ոչ մի ռիսկի ու հնարավոր հետևանքի հետ։ Ո՜ւմ խոսացնես, ինքը Շումախեռից հետո երկրորդ ամենահմուտ վարորդն է, բայց պահի տակ խմած էլ ղեկին կնստի, հոծ գիծն էլ կարհամարհի, 70 կմ/ժ սահմանափակումով տեղում էլ կփորձի շրջադարձ անել (ինչպես տվյալ դեպքում էր)։ Ու իրենք մեղավոր չեն։ Մեղավորը արագաչափերն են, տեսախցիկներն են, ուրիշ անասուն վարորդներն են։

Ինչո՞ւ չենք խոսում, որ մեզանից յուրաքանչյուրը հանգիստ կարող է պնդել, որ իր շրջապատում վարորդական իրավունք ունեցողների առնվազն կեսն այդ իրավունքը ստացել է զուտ կաշառքով ու մաղարիչով, իսկ վարել սովորել է ձեռքի հետ։ Հիմա մեկի դեպքում վարելու սխալը բերում է թեթև ԱՊՊԱ-ների, իսկ մյուսի դեպքում՝ ողբերգության։

Դրա համար էլ արդեն ԱՄՆ-ին էլ ենք անցել ՃՏՊ-ներից մահացության սանդղակով, որովհետև փոխանակ ճիշտ հարցադրումներ անենք ու ճիշտ հետևություններ, գերադասում ենք հայհոյել տեսախցիկներին ու գերեզմանին մատաղ անելու կոչեր անել։