Քայլ ձիով ՀՀ-ից. մեր պատվիրակությունը կմեկնի Բաքու


15:06 , 5 սեպտեմբեր, 2017

Ինչպես գիտենք, Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 22-ին կազմակերպվելու է համաժողով՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:

Չնայած նրան, որ համաժողովն անցկացվելու է Բաքվում, ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կմասնակցեն դրան:

Իհարկե, այս որոշումը շատերի մոտ կարող է զարմանք առաջացնել, բայց եթե հայկական կողմը Բաքվում չունենար պատվիրակներ, ապա Ադրբեջանը կարող էր իրականացնել հակահայկական քարոզչություն, սուր հարցերի շուրջ սուբյեկտիվ տեսակետներ հայտնել և մնալ առանց պատշաճ պատասխանի: Մյուս կողմից, եթե հայկական պատվիրակությունը չմեկներ Ադրբեջան, դա նրանց կողմից կօգտագործվեր որպես ծրագրային դրույթների ոտնահարում` հատկապես այն դեպքում, որ Ադրբեջանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի կողմից տրվել են համապատասխան անվտանգության երաշխիքներ՝ համաժողովի բոլոր մասնակիցների համար: