«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել են բռնկված հրդեհի 2 օջախները
15:20 , 30 օգոստոս, 2017
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են իրականացվել խիստ հսկողություն և հակահրդեհային միջոցառումներ:
Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք՝ ժամը 16:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր տարածք:
Ժամը 20:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: