Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ խնդրելով օգնել կանխելու ԱՄՆ-ի ներխուժումը։
«Թող Պապն օգնի մեզ կանխելու Թրամփի ներխուժումը Վենեսուելա և կազմակերպելու հարգալից երկխոսություն (ընդդիմության հետ)»,-հայտարարել է Մադուրոն Կարակասում կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին՝ Մադուրոն ասել է, որ դրանք կկայանան՝ անկախ ամեն ինչից։
Օգոստոսի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր սցենարները, այդ թվում ռազմական։
«2018 թվականին Վենեսուելայում ընտրությունները կկայանան, նույնիսկ եթե նախագահ Թրամփը գա ծովահետևակայինի համազգեստով»,-ասել է Մադուրոն։
Մադուրոն մտադրություն է հայտնել ամրապնդելու կապերը Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում։ Նա նշել է, որ շուտով պատրաստվում է Ռուսաստան այցելել։