ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար


18:00 , 22 օգոստոս, 2017

Aysor.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ 57 հոգանոց պատվիրակությունն այսօր ուղևորվել է Վրաստան` աջակցելու Բորժոմի քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարին, Aysor.am-ի հետ զրույցում ասացին ԱԻՆ լրատվության բաժնից:

«Շարասյունն ուղևորվել է այսօր ժամը 16:30-ին: Դրանում ընդգրկված է 57 մարդ, 8 հրշեջ մեքենա, փրկարարական մեքենա, ինչպես նաև շարժական կառավարման կետ, որը հրդեհի վայրում ծառայելու է որպես շտաբ», - ասաց լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը:

Նրա խոսքով` նախնական տվյալներով ՀՀ ԱԻՆ խումբը Վրաստանում կմնա մի քանի օր, սակայն վերադարձի հստակ ժամկետներ չկան, քանի որ դա կախված է տեղում եղած իրավիճակից:

Հիշեցնենք, որ Վրաստանի Բորժոմի քաղաքի մոտ վերջին տվյալներով հրդեհն ընդգրկել է 12 հա տարածք: Հրշեջներն ու տեղի բնակիչներն օջախների շուրջ փորում են արգելապատնեշներ՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար:

ՀՀ ԱԻՆ-ին օգնության խնդրանքով դիմել էր Վրաստանը: