Հրապարակված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ահաբեկիչների մեքենան սլանում Բարսելոնայի Լաս Ռամբլաս փողոցով (Video)


18:41 , 19 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.

Իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են տեսահսկման համակարգերից ստացված կադրեր, որոնցում երևում է, թե ինչքան արագ է ահաբեկիչների ֆուրգոնն անցել Լաս Ռամբլաս փողոցով Բարսելոնայում հինգշաբթի տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ, գրում է Business Insider-ը:
Mediaset և El Pais լրատվամիջոցները կադրերը ձեռք են բերել տեսանյութում երևացող սրահի սեփականատիրոջից: Այն հավանաբար պատկերասրահ է եղել:
Կադրերում երևում է, թե ինչպես են հետիոտները խուսափում փողոցով սլացող մեքենայի հարվածից: Մանկական սայլակով մի զույգ վայրկյանների տարբերությամբ է միայն հասցնում փախչել սլացող մեքենայի դիմացից:
Նկատելով փողոցում խառնաշփոթը՝ պատկերասրահում գտնվող մարդիկ թեքվում են դեպի պատուհանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու:
Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։