Ժառանգությունն արդեն ձանձրացնում է


22:12 , 17 օգոստոս, 2017

Արդեն նկատելի է, որ ամռան ավարտի հետ ակտիվանում է նաև ՀՀ ներքաղաքական կյանքը: Տարբեր ուժերի ներկայացուցիչներ տարբեր թեմաների շուրջ հարցազրույցներով փորձում են հող նախապատրաստել իրենց աշնանային գործունեության համար:

Թերևս նույնը փորձում են անել Ժառանգության ներկայացուցիչները, բայց ամեն ինչ չէ, որ պարզ է այս դեպքում: Նրանք նախ տարածեցին լուրեր, որ իրենց ղեկավար կազմը տարբեր ընդդիմադիր ուժերի հետ է հանդիպում ընդդիմության խոշորացման ծրագիրը քննարկելու համար: Սակայն այն բանից հետո, երբ գրեթե բոլոր ուժերը հերքեցին այդ հանդիպումների մասին լուրերը, Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս հերքեց այդ լուրերը:

Վերջերս էլ Մարտիրոսյանն ուշագրավ հարցազրույց էր տվել 1in.am-ին, որտեղ նախ նշում էր. «Մեր պայքարը կախված է հասարակության պահանջից», ինչը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ ծրագիր և հող են նախապատրաստում «ժողովուրդը չկանգնեց պայքարելու» լոզունգը կրկին արդիականացնելու և ամեն ինչ ժողովրդի ուսերին բարդելու համար: Երկրորդ` Մարտիրոսյանը հրաժարվում է այն մտքից, որ իրենք փորձելու են համախմբել ժողովրդին և մյուս ընդդիմադիր ուժերին իրենց շուրջ` նշելով, որ իրենք պատրաստ են ուղղակի պայքարել, եթե լինի նման առաջարկ գործընկերների կողմից: Երրորդ` նա նշում է. «Ցանկացած գործընթաց սկսելու դեպքում առաջին խնդիրը իշխանափոխությունն է լինելու»՝ մոռանալով սկսել նախ տարրական կազմակերպչական աշխատանքներից սեփական կուսակցության շրջանակներում, որպեսզի մեկ ժամվա մեջ նույն լուրը տարբեր մարդկանց կողմից տարբեր երանգավորմամբ չհնչեցվի ի լուր աշխարհի:

Հ.Գ. Մեկդ Ժառանգության ներկայացուցիչներին ասեք, որ այս ամենն արդեն անգամ ծիծաղելի չէ: