Բոլորի հետ պետք է հարաբերվենք տնտեսական առումով. Շավարշ Քոչարյան


16:48 , 10 օգոստոս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

«Երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այդ տեսակետից բոլորի համար ակնհայտ է, որ այդպետությունները տարբեր ձևերով կախված են Ռուսաստանից»,- ասաց Քոչարյանը:

Հարցին`  հնարավոր չէ՞ չեզոքացնել ռիսկերը, նա պատասխանեց, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների նկատմամբ Հայաստանը ազդեցություն ունենալ չի կարող։ «Մեր ընդհանուր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է` եղած տնտեսական կապերը խորացնել և ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Իսկ դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ: Բոլորի հետ, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով»,- եզրափակեց Քոչարյանը։