Հայաստանը սկսել է ատամ ցույց տալ Ռուսաստանին ու դա անում է բավականին գրագետ


13:28 , 9 օգոստոս, 2017
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին ժամանակներս լայն թափով զարգանում են։ Lավագույն օրինակը հուլիս 28-ին մեկնարկած ու օգոստոսի 10-ին ավարտվող համատեղ զորավարժություններն են, որտեղ, բացի ՆԱՏՕ անդամներից, մասնակցում են նաև դաշինքի հետ համագործակցող Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան։ Եթե ամփոփելու լինենք ռազմական այս միջոցառումը, ապա Հայաստանի համար այն մի քանի նրբերանգներ է պարունակում։ Առաջինը, իհարկե, այն է, որ մեր երկիրը ռազմական ուրիշ կառույցի՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ է, որը ավելի շատ, ինչպես գիտենք, ՆԱՏՕ-ի հակակշիռն է։ Սակայն մասնակցելով այս զորավարժությանը՝ Հայաստանը երևի թե յուրատեսակ ատամ է ցույց տալիս Ռուսաստանին, որն իր դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններին մշտապես ցավոտ է արձագանքում։ Ինչու ենք սա ասում. ինչպես գիտեք, երեկ լրացավ ռուս-վրացական պատերազմի 9 տարին, որտեղ Վրաստանը վերջանականապես անջատվեց ռուսական կապանքներից, սակայն փոխարենը վճարեց չափազանց ծանր գին՝ Աբխազիայի ու Օսեթիայի տեսքով։ Հարցը այստեղ միայն տարածքային ու ֆինանսական, ոչ էլ նույնիսկ պատմական եզրույթները չեն, այլ կորսված հարաբերությունները։ Այդ հարաբերությունները վերականգնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի, ինչը կարտացոլվի նաև տարածաշրջանի զարգացումների վրա։ Իսկ դրանից տուժում են միայն խաղաղ բնակիչները։ Մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում այն երկրների հետ, ովքեր Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ են մտնում։ Մենք չենք ասում նաև, որ պետք է լինել ռուսների գերին, սակայն խնդիրը մոտեցման մեջ է։ Հայաստանը սկսել է ատամ ցույց տալ Ռուսաստանին ու դա անում է բավականին գրագետ տեսքով՝ հասկացնելով, որ ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցելը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչ, օրինակ, Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք մատակարարելը։