Արցախը «զինվում է» հիդրոէլեկտրակայաններով


11:18 , 9 օգոստոս, 2017

Ցանկացած պետության համար էներգետիկ ոլորտի զարգացումը կրում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նշանակություն:

Եթե ուսումնասիրենք Արցախի էներգետիկ համակարգի տվյալները, ապա կտեսնենք, որ ներկայումս այնտեղ գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ:

Դրանց թվում են 50 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող Սարսանգ ՀԷԿ-ը: Մնացած 15 ՀԷԿ–երը ունեն 56.4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորություն:
Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում սկսել է գործել ևս երկու փոքր ՀԷԿ: Խոսքը գնում է Ջերմաջուրի և Վիկինգի մասին, որոնցից առաջինն աշխատում է 10.3 ՄՎտ հզորությամբ, իսկ մյուսը՝ 1,8 ՄՎտ:

Այսքանով, սակայն, Արցախի էներգետիկ ոլորտը չի սահմանափակվում: Ներկայումս իրականացվում են ևս 
9 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ: Ակնկալվում է, որ դրանց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կկազմի շուրջ 263,02 մլն կվտ/ժ։