Արևմտյան կառույցի ռուսական տարակուսանքը


10:39 , 9 օգոստոս, 2017

Հայաստանի ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը ժամանակ առ ժամանակ «խափանվում է» տարբեր կառույցների կողմից հայտարարություններով։ Առայժմ չեն նշմարվում որևէ կտրուկ գործողությունների ռիսկեր, սակայն որոշակիորեն պարզաջրվում է ՀՀ աշնանային քաղաքական կոնյուկտուրան։ Խնդիրն այն է, որ խորհրդարանական կառույցներից ոմանք արդեն սկսել են շոշափել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման, սակայն այս հարցը կդառնա ընդդիմադիր բևեռի համար օրակարգային խնդիր, թե կմնա հայտարարությունների մակարդակում, ցույց կտա ժամանակը։ ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունների թեման կրկին թեժացնելու փորձեր են անում ԵԼՔ դաշինքի անդամները։

Երեկ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է․ «Ես հասկանում եմ, որ Հանրապետական կուսակցությունը չի գալու ու կողմ քվեարկի ԵՏՄ-ից դուրս գալուն, բայց դա չի նշանակում, որ «Ելք» դաշինքը չպիտի նախաձեռնի ու նման խնդրով հանդես գա: Ընդամենը 2, 3 օր առաջ Սարգսյանը հարցական նշան էր դնում ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգի վրա։ Վերջինս հիշեցրել էր, որ խորհրդարանում իրենց կառույցն ունեն 9 պատգամավոր, և հարց էր բարձրացրել, թե որքանով է օրակարգի առաջ քաշելն իրատեսական և ի՞նչ կտա դա ԵԼՔ-ին։ Մինչ այդ էլ, Սարգսյանը հրապարակայնորեն պաշտպանել էր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անձնական կարծիքը։

Արդյո՞ք այս 2 օրվա մեջ Հայաստանում այնպիսի փոփոխություններ եղան, որոնք Սարգսյանի համար հստակեցրին իր հարցերի պատասխանները, թե՞ պարզապես ԵԼՔ-ի պատգամավորի կարծիքը համառ դիմադրության է արժանացել կառույցի ներսում։ Մյուս կողմից էլ նկատենք, որ այս թեմայի շուրջ դեռևս կարծիք չի հայտնել ԵԼՔ-ի երրորդ առաջամարտիկը՝ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես պտտվում ենք, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգ ձևավորելու վերաբերյալ ԵԼՔ-ում բացակայում է կոնսեսուսը, հաճախակի հնչում են հակասական կարծիքներ ու չկա հստակություն։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված այն, որ թեմայի շուրջ հայտարարությունները շատ հաճախ ԵԼՔ-ի անդամների կողմից ներկայացվում են որպես անձնական կարծիք։ Այս պարագայում էլ, սակայն, նորմալ չէ, որ արևմտյան արժեքներ որդեգրած կառույցը 5 օրում 13 հակասական թեզ է նետում հանրային դաշտ, որոնք մի օր ներկայացվում են որպես ԵԼՔ-ի օրակարգ, հաջորդ օրը՝ անձնական կարծիք։

Հիմք ունենք կարծելու, որ Սարգսյանը նախքան հայատարարություն անելը խնդիրը խորքային չի ուսումնասիրում։ Այս պարագայում, սակայն, մտածելու տեղ ունեն հենց ԵԼՔ դաշինքի անդամները։