Լևոն Ջուլֆալակյան. Բելառուսում անցկացրած հավաքը շատ արդյունավետ էր


14:30 , 4 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ ըմբիշները շարունակում են պատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է գտնվում: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեական ըմբիշները օգոստոսի 7-19-ը ևս մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում:

«Ինձ գոհացնում է մեր կատարած աշխատանքը, մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք և լավ մարզավիճակով մեկնենք աշխարհի առաջնություն: Մասնակից չենք նախատեսում միայն գերծանր քաշային կարգում: Մնացած բոլոր քաշերում ըմբիշներ կունենանք»,- նշել է մարզիչը:

Հաղորդվում է, որ Լևոն Ջուլֆալակյանը թիմի վերջնական կազմը կհրապարակի օգոստոսի 10-ին: