«Ժողովուրդ». «Ուլիս-Երևան»-ի մարզիչների կողմից խաղը վաճառելու քրգործով մարզչի օգնականը ճանաչվել է անմեղսունակ


10:10 , 28 հուլիս, 2017

«Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, և հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որևէ մեկն իր մեղքը չի ընդունում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: