Արաքսյա Հովհաննիսյանը օրական առնվազն 5 անգամ գյուղի կենտրոն է հասնում անհրաժեշտ ջրի պաշարը տուն տանելու համար: Ասում է, դույլերի ծանրությունից արդեն ձեռքերը ցավում են, բայց այլընտրանք չկա՝ արդեն 3 տարի է իր ծորակից ընդհանրապես ջուր չի գալիս: Գայ համայնքի բնակիչների մեծ մասը Արաքսյայի բախտակիցներն են: Ծայրամասերից եկողները մոտ մեկ կիլոմետր ճանապարհ են անցնում մինչև աղբյուրին հասնելը, այդքան էլ՝ ջրով ծանրաբեռնված հետ գնալու համար:
Անհիշելի ժամանակներից Գայ համայնքի խմելու ջուրը մատակարարվել է ինքնաբուխ արտեզյան հորերից: Գյուղը տեղակայված է Արարատյան հարթավայրի ցածրադիր հատվածում, և դա հնարավորություն է տալիս ընդամենը 100-150 մետր խորության անցք փորելով, առանց պոմպերի օգնության խմելու ջուր ստանալ: