Մարզերում գծատերեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց. Վահան Մարտիրոսյան


15:50 , 20 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում միասնական երթուղային ցանցի ստեղծման նախագծին և նշեց, որ այն վարչապետի հանձնարարականների շրջանակներում է եղել:
 «Տեխնիկական առաջադրանքի հիման վրա նոր կկառուցվի միասնական ցանց, և պահանջները կդրվեն»,-ասաց նա և նշեց, որ ծրագիրը դեռ «հում» է: Նա տեղեկացրեց, որ այսօրվա բոլոր երթուղիները սպասարկողների հետ պայմանագրեր ունեն, որի ժամկետները լրանալուց հետո նոր կարելի է անդրադառնալ փոփոխությանը:

«Գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց, որը կսպասարկվի կոնկրետ օպերատորի կողմից: Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի»,-ասաց նա և նշեց, որ մրցույթ են հայտարարելու:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել նաև թե ինչ քանակի ներդրումներ անհրաժեշտ կլինեն, քանի որ դեռ պարզ չէ՝ ինչ քանակի և ինչ մեքենաներ պետք է լինեն:

Նա պարզաբանեց, որ տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Նա ասաց, որ նախագիծը չի վերաբերում Երևանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։