Արցախի խորհրդարանն այսօր կընտրի երկրի նախագահին
11:10 , 19 հուլիս, 2017
Այսօր Արցախի հանրապետության Ազգային ժողովն ընտրելու է երկրի նոր նախագահ: Ժամը 11:00-ին ԱԺ հատուկ նիստ է հրավիրվել, որը , Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Նշենք, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված խորհրդարանը անցումային շրջանում կընտրի նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Արցախի ԱԺ հատուկ նիստում սկզբում կձևավորվելու է հաշվիչ հանձնաժողով, հետո թեկնածուները 1-ական ժամ ելույթ են ունենալու ու ներկայացնելու իրենց ծրագրերը:
Ելույթներից հետո ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուներին, որից հետո թեկնածուները ևս 15-ական րոպե կունենան ելույթի համար:
Դրան հաջորդելու է փակ գաղտնի քվեարկություն: Ընտրված է համարվելու այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ձայների 2/3 մասը:
Նշենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները որոշել են սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, այսպիսով՝ ստացվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատգամավորներից 28-ը, ըստ այդմ պետք է քվեարկեն նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։